Հայաստան Քաղաքականություն 

Վանեցյանը քաղաքականություն մտնելուց առաջ պետք է պատասխանի 5 կարևոր հարցի. Արմեն Աշոտյան

analitik.am

Ընտրություններից հետո, երբ իշխանությունը ձևավորում է կառավարությունը, ինչ-որ ժամանակ  կառավարության ներսում լինում են փոփոխություններ։ Դա արվում է երկու դեպքում, երբ գործող կառավարությունը չի արդարացնում աշխատանքային պահանջները կամ հասարակության մեջ հասունացել է դժգոհություն, որը մարելու, ժամանակավորապես գոլորշին բաց թողնելու համար պետք է անել դա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արմեն Աշոտյանը խոսելով վերջին հայտնի պաշտոնանկությունների մասին և նշելով, թե զարմանալի չէ, որ ընդամենը 6-7 ամիս առաջ ձևավորված կառավարության ներսում այսպիսի ցնցումային կադրային փոփոխություններ են լինում․ «Սա նշանակում է, որ հնարավոր է կառավարության որակն ի սկզբանե եղել է ոչ ցանկալի և ոչ համարժեք երկրի խնդիրներին, ինչը Վանեցյանի դեպքում չեմ կարող ասել, որովհետև նա կադրային սպա է»։

Աշոտյանի խոսքերով, գուցե ընդդիմադիր դաշտում եղել են մարդիկ, որոնք հրճվել են Վանեցյանի հրաժարականից՝ մտածելով, որ ահա ևս մեկ սև առաջացավ շարքերում․ «Ես չգիտեմ Վանեցյանի քաղաքական ծրագրերի մասին։ Բայց, եթե նա ուզենա քաղաքական դաշտում դիրքավորվել, ուրեմն պետք է խաղա, սևով թե սպիտակով կխաղա` իր որոշելիքն է։ Նրա հայտարարությունը հայտ էր, իսկ շախմատի կանոնով, ձեռք է տվել` պետք է խաղա: Ինձ համար ակնհայտ է, որ նա կարող է գտնել իր քաղաքական խաղը, որ դաշտում ինքը կորոշի։ Բայց մինչև քաղաքականություն գալը կա չորս հարց, որի պատասխանները ես ուզում եմ ստանալ՝ ինչպե՞ս է գնահատում պարոն Վանեցյանը Նիկոլ Փաշինյանի հոգեբանական վիճակը, ինչպե՞ս է գնահատում պարոն Վանեցյանը գործող իշխանությունների քաղաքականությունն Արցախի հարցում, ինչպե՞ս է գնահատում պարոն Վանեցյանը Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը Ռուսաստանի հարցում, արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը Արթուր Վանեցյանին տվել է հանձնարարականներ քաղաքական ընդդիմադիրների վերաբերյալ գաղտանլսումներ և այլ ապօրինի գործողություններ իրականացնելու համար։ Եվ բոնուսային հինգերրոդ հարցը՝ ե՞րբ է պատրաստվում Արթուր Վանեցյանը պատմել անցած տարվա դեկտեմբերին տեղի ունեցած ընտրությունների ներքին խոհանոցի մասին»։

Աշոտյանը խոսել է նաև Եռաբլուրում Փաշինյան-Սարգսյան այսօրվա զրույցի մասին` դիետայի վերաբերյալ՝ ընդգծելով, որ ինքն էլ է պարապում, բայց սովորություն չունի տոնական օրերին, սրբավայրեր այցելելիս խոսել տրենաժորների մասին․ «Ավելին ասեմ, կարծում եմ, որ ավելի կարևոր է ունենալ առողջ ոգի, քան առողջ մարմին»։

Նույն շարքից