Հասարակություն 

Ինչու էին այսօր Գյումրիում պարող տղամարդիկ կիսաշրջազգեստ կրում ու ինչ ներկայացում էր. Պարզաբանում է մենապարողը

analitik.am

Այսօր Գյումրիում Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի շրջանակներում ելույթ է ունեցել Հայաստանի բալետի խումբը և բեմականացումը որոշակի արձագանքների տեղիք է տվել, հատկապես կապված երկարափեշ հագուստի հետ:

Analitik.am-ի հետ զրույցում Օպերային թատրոնի առաջատար մենապարող Րաֆֆի Գալստյանը, ով ներկայացման գլխավոր դերակատարն էր նշեց, որ հին քրմական պար են ներկայացրել, հագուստները նույնպես քրմական էին:

Ինչ վերաբերում է կիսաշրջազգեստներին, ապա, ըստ նրա, պարզ երևում է, որ հին հայկական պատկերներ են հագուստի վրա՝ վերցված հայկական մանրանկարչությունից, իսկ արեգակնային համակարգերը աչքի էին զարնում:

«Մեր զգեստները և պատկերները հորինված չեն, մեր հեթանոս քրմերը օգտագործել են նման հագուստ, անգամ մեր ժեստերը քրմական են: Տեսել եմ, որ տարբեր մեկնաբանություններ կան մեր ներկաայցման առնչությամբ, ասեմ, որ գուցե առաջին հայացքից են սխալ մեկնաբանել: Հավելեմ նաև, որ այս ներկայացումը նոր չէ»,- ասաց Րաֆֆի Գալստյանը:

Նա նաև նշեց, որ ներկայացումը կոչվում է «Զույգ Արեգակներ», որը բազմիցս ներկայացվել է Օպերային թատրոնի բեմում և տարիներ առաջ ճանաչվել տարվա լավագույն ներկայացում:

«Հայտնի ներկայացում է, այնպես չի, որ հորինեցինք: Մենք ներկայացրել ենք Ռուդոլֆ Խառատյանի բեմադրությունը, նա է մեր ռեժիսորը: Մենք պարզապես ներկայացրել ենք հին քրմական ծիսական արարողություն, այդքանը, ոչինչ ավելի»,- ասաց Ր. Գալստյանը՝ հավելելով, որ ինքը՝ որպես գլխավոր մենապարող, պետք է իր հագուստով տարբերվեր և տարբերվում էր:

Նշենք, որ Րաֆֆի Գալստյանը 2014 թվականին մասնակցել է ՀՀ մշակույթի նախարարության կողմից կազմակերպած «Նավասարդյան խաղեր» մրցույթին՝ «դասական պար» անվանակարգում արժանանալով «Երկրային մրցանակ» 2-րդ արծաթյա մրցանակին: 2016 թվականին մասնակցել է հայ-իսրայելական Մանկական և երիտասարդական արվեստի միջազգային մրցույթ-փառատոնին և «դասական պար» անվանակարգում արժանացել 1-ին մրցանակին: 2017 թվականին մասնակցել է Երևանում անցկացված «Գլոբալ Արտ» մրցույթին, որտեղ «դասական պար» անվանակարգում արժանացել 1-ին և 2-րդ տեղերին: Նույն թվականին մասնակցել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի կազմակերպած մրցույթին և արդեն Մոսկվայում անցկացված «Գլոբալ Արտ» մրցույթի եզրափակիչ փուլին ու երկու մրցույթում էլ «դասական պար» անվանակարգում արժանացել առաջին մրցանակին: 2018 թվականին մասնակցել է Մարիուս Պետիպայի 200-ամյակին նվիրված մենապարերի մրցույթին և զբաղեցրել 1-ին տեղը: Նույն թվականին մասնակցել է Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կայացած «Tallin International Ballet Competition» միջազգային բալետային մրցույթին՝ գրավելով 3-րդ տեղը: 2019 թվականի ապրիլի 28-ին մասնակցել է Ֆրանսիայի Տուլոն քաղաքում տեղի է ունեցած դասական պարի միջազգային մրցույթին և արժանացել առաջին և գլխավոր մրցանակների: Ամռանը Չինաստանի Վենջոու քաղաքում մասնակցել է բալետի արտիստների GIDC միջազգային մրցույթին, արժանացել է առաջին մրցանակի:

Նշենք նաև, որ սոցցանցերում քննադատվեց բեմադրությունը՝ ընդգծելով, որ այն կարող է դիտարկվել որպես միասեռականության, տրանսգենդերների քարոզ: Օգտատերերի մեծ մասը չէին հասկանում նաև, թե ինչ կապ ուներ բեմադրությունն օրվա խորհրդի՝ անկախության տոնի հետ:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից