Հասարակություն 

Կանադայի վարչապետը Հայաստանի Անկախության օրվա առթիվ հայտարարությամբ է հանդես եկել

analitik.am

Կանադայի վարչապետ, Լիբերալ կուսակցության առաջնորդ Ջասթին Թրյուդոն Հայաստանի Անկախության օրվա առթիվ հայտարարությամբ է հանդես եկել, հայտնում է կուսակցության պաշտոնական կայքը։

«Այսօր մենք Կանադայի և ամբողջ աշխարհի հայ համայնքների հետ միասին նշում ենք Հայաստանի անկախության տարեդարձը։

Կանադան եւ Հայաստանը կապված են արդարության, ժողովրդավարության և ազատության ընդհանուր արժեքներով, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում, ինչպիսին է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը, մեր համատեղ աշխատանքով։

Անցյալ տարի ես հնարավորություն ունեցա Հայաստան այցելելու և վարչապետ Փաշինյանի հետ հանդիպելու, որպեսզի քննարկենք ճանապարհորդության, զբոսաշրջության և առեւտրի ոլորտում մեր երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդումը։ Այդ այցը լույս սփռեց կանադացիների և հայերի սերտ կապերի վրա՝ այն կապերի, որ ընկած են մեր հարաբերությունների հիմքում»,- ասվում է հայտարարության մեջ։

Թրյուդոյի խոսքերով, վերջին մի քանի տարիների ընթացքում Կանադայի հայերը ընդունել են հազարավոր սիրիացի փախստականների և արել են ամեն ինչ, որպեսզի նրանք կարողանան նոր կյանք սկսել։

«Մեր ընտանիքի անունից ես և Սոֆին մեր լավագույն մաղթանքներն ենք հայտնում բոլորին, ովքեր նշում են Հայաստանի Անկախության օրը»,- ամփոփել է Թրյուդոն։

Նույն շարքից