Հասարակություն 

Վերադառնալու որևիցե շանս չկա․ ԱԽ քարտուղարը՝ Սերժ Սարգսյանին

analitik.am

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը անդրադարձել է Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձին։ Նա իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել․

«Սերժ Սարգսյանը երեկ շնորհավորական ուղերձ էր հղել, որում նաև անհասցե դժգոհություններ էր հայտնում։ Տոնը չփչացնելու համար որոշեցի այսօր պատասխանել այդ տրտունջներին։ Սկզբից մտածում էի, թե ինչ գրեմ աշխարհի վրա դառնացած և արդեն 1,5 տարի հայ ժողովրդի կողմից մերժված մարդու մասին: Հետո հասկացա, որ ընդամենը պետք է հիշել անցյալը։

Սերիալների միջոցով սոցիալական խնդիրների լուծման մասին մտածող, 100-ից 60 խփող, արտագաղթն իր մեղքը չհամարող, թարս բուսնած խիյարների մասնագետը, հայ ժողովրդի կողմից մերժվածը խոսում է արժեքների մասին, որոնց ապականման համար 10 տարի ջանք ու եռանդ չի խնայել։

Սարգսյանը պարտավոր է շիտակ նայել իրականության աչքերին՝ հասկանալ, որ քաղաքականության մեջ լինելու իր էջը փակված է, և նոր Հայաստանում փակված էջերը չեն բացվելու։ Վերադառնալու որևիցե շանս չկա, չկա՛, քանի՞ անգամ կրկնենք, որ հասկանալի լինի հհկ-ականների համար։

Ապրիլյան պատերազմի հիշատակի օրն՝ 2017-ին, ընտրություններ նշանակած, այդ ընտրությունները կեղծելով 770 հազար ձայն խփած գործիչը, մեկ տարի անց 59 հազար ձայն հավաքելուց հետո պետք է փակվի մի մութ տեղ և դառնացած լռություն պահպանի։ Հենց այսպիսի մոտեցումներն են բաժանարար գծեր գծել և ստիպել ժողովրդին համախմբվել և մերժել կեղծիքն ու զոռբայությունը։

Ես հուսով եմ՝ հայրենիքի հանդեպ սիրո մասին ճոռոմ հայտարարություն անողները հիշում են, որ հայրենիքի հանդեպ սերը չի կարող 50 տոկոս չափաբաժնով լինել»։

Նույն շարքից