Բարի օր Քաղաքականություն 

Պարոն Սորոսը ցանկություն էր հայտնել հանդիպել ինձ հետ. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Դավոսի ֆորումից առաջ, երբ ես պետք է մեկնեի, պարոն Սորոսը ցանկություն էր հայտնել հանդիպել ինձ հետ, սակայն իմ աշխատանքային գրաֆիկը շատ խիտ էր, դրա համար չհաջողվեց բավարարել նրա խնդրանքը: Այս մասին ԱՄՆ-ում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների մասին՝ Փաշինյանը նշեց, որ ինքն արել է իր քայլը՝ առաջարկելով քաղաքացիներին միանալ իրեն: Արդյունքում պարզվել է, որ իր նման մտածող մարդիկ շատ են. «Եթե մյուսներն իրենց քայլը չանեին, որևէ բան չէր ստացվի: ՀՀ այն քաղաքացիները, ովքեր քայլ են արել, հեղափոխության նույնքան հեղինակներն են:

Ինչ վերաբերում է վարկածներին, թե դրսում է պլանավորվել Հայաստանի հեղափոխությունը, երկու վարկած կա: Կա վարկած, թե հեղափոխությունը պլանավորել են այնտեղ, որտեղ սովորաբար պլանավորվում են դրանք: Իսկ այնտեղ, որտեղ ընդունված է մտածել, որ սովորաբար պլանավորվում են հեղափոխությունները, պակաս կասկածանքների ու տառապանքների մեջ չեն, քանի որ նրանք էլ չեն հասկանում, թե ինչպես է եղել հեղափոխությունը: Ես բոլոր կողմերին հորդորում եմ հանդարտվել, քանի որ բոլոր նրանք, ովքեր եղել են Հայաստանում, ոչ թե իրենց կաբինետներում և աշխատանքային սեղանների տակ մտած, գիտեն, թե ով է արել հեղափոխությունն ու ինչպես է դա եղել: Հեղափոխությունն ուղիղ եթերում է եղել: Այս պատմությոնը նոր չի ստեղծվել, այն տարիների ընթացքում է ստեղծվել: Հեղափոխությունն արել է հայ ժողովուրդը: Իսկ նրանք, ովքեր այլ բան են մտածում, անարգանքի են ենթարկում հայ ժողովրդին»:

Նույն շարքից