Երբ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց իր հրաժարականի մասին, նրա աղմուկ բարձրացրած հայտարարությունը հրապարակվեց նաև ԱԱԾ կայքում: Որոշ ժամանակ անց Analitik.am-ը գրեց, որ հայտարարությունը հեռացվել է: Դրանից հետո կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտարարեց, թե դա նշանակում է, որ պատասխանատու մարմիններն այդպես են ճիշտ գտել: Իսկ ովքե՞ր կամ ո՞վ է այդ մարմինը:
ԱԱԾ աշխատակազմից Analitik.am-ի զանգերն արդեն մի քանի օր է անպատասխան են թողնում, հեռախոսի մյուս կողմում կամ մարդ չկա, կամ՝ հավես, կամ՝ ցանկություն:
Ընդունված պրակտիկա է, որ որևէ կառույցի ղեկավարի հրաժարականի հայտարարությունը հրապարակվում է այդ կառույցի պաշտոնական էջում, ինչո՞ւ պետք է Վանեցյանի դեպքում դա արտասովոր դիտվեր:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ հասկացնել տվեց, որ տեղյակ չէ հայտարարությունից, կամ գոնե դրա բովանդակությունից: Երեկ ԱՄՆ-ում նրա ասուլիսը կարծես թե լույս է գցում ամբողջ պատմության վրա. «Ես չեմ իմացել, որ դա հրապարակվել է ԱԱԾ կայքում: Հետո եմ իմացել: Հետո հայտարարությունը հանել են, բա ի՞նչ պետք է անեին: Բա հո չէր մնալու: Ինձ թվացել է, որ հրամանագրի ստորագումից հետո է այդ հայտարարությունն արվել»,-ասաց վարչապետը:
Իրավունք ունե՞նք մտածելու, որ Փաշինյանն իմացել է հայտարարության բովանդակության մասին ու հենց նա է այն մարմինը, ով որոշել է դրա ճակատագիրը: