Սեպտեմբերի 17-ին Եղեգնաձորում ծեծի ենթարկված փոխգնդապետի հայրը` Սամվել Մխիթարյանը սպառնաց հաշվեհարդար տեսնել Վայոց ձորի մարզպետի հետ: Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, հոսպիտալում լրագրողնների հետ զրույցում ասաց վրդովված հայրը: Փոխանցում է News.am-ը:
«Մարզպետ, լավ իմացի, բախտդ բերել է, որ չեմ իմացել, որ դու Լեննական ես եղել ու ըդեղ քեֆ ես արել, կերած-խմածդ քթիցդ կբերեմ, ու գիտեցի՝ մութ ու լույս վախտով ես քեզի կգտնեմ, կարեւորը հիմա իմ տղան աչքերը բացի: Ես՝ Սամվել Մխիթարյանս քեզ խոսք եմ տալիս: Նրա ողնաշարը կջարդեմ ես»:
Փոխգնդապետի հայրը չի հավատում, որ իր որդուն նման վիճակի է հասցրել բռունցքի մեկ հարվածը. «Աղջիկ ջան, ոնց կարող է բռունցքի մեկ հարվածով 120 կիլոգրամանոց տղուն քցեն վար: Ընկերները գիտեն, գանգուղեղի վիրահատություն է տարել իմ տղես»:
Փոխգնդապետի հայրը վստահ չէ՝ մարզպետը մասնակցել է միջադեպին, սակայն վստահեցնում է, որ եթե մի բանի մասին խոսում են, իզուր չէ:
Փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծելու մեջ կասկածվող Վայոց Ձորի մարզպետի 28-ամյա օգնականին մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է:
Փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: