Բարի օր Հայաստան Վերլուծական Քաղաքականություն 

Չի կարող փոփոխությունը բերել դրական արդյունք, եթե հիմնված է ատելության և թշնամանքի վրա. Անի Հովհաննիսյան

analitik.am

ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ Անի Հովհաննիսյանն իր էջում գրում է.

«Հասարակությանը սևերի և սպիտակների բաժանելն ի սկզբանե արդեն իսկ պարզ էր, որ որևէ դրական հետևանքների չէր բերելու: Դա պարզ էր շատ ավելի շուտ, երբ ՀՀԿ-ական գործիչների նկատմամբ բարոյապես անընդունելի քայլեր էին կատարվում՝ պսակներ, սև լենտեր և այլն:

Կյանքում, թե քաղաքականության մեջ չի կարող փոփոխությունը բերել դրական արդյունք, եթե հիմնված է ատելության և թշնամանքի վրա, չի կարող լինել կառուցողական, ստեղծարար մոտեցում այն միջավայրում, որտեղ բարձրագույն մակարդակում իշխում է պատժելու, հաշվեհարդար տեսնելու, սեփական ազգի մեջ բազմաթիվ թշնամիներ փնտրելու, տարբերվող կարծիքը թրերով ընդունելու մթնոլորտը:

Վերջին շրջանում շատ են հնչում կարծիքներ այն մասին, որ կարծես կրկեսում ապրենք: Այո, դա այդպես է, այդպես է լինելու այնքան ժամանակ, քանի մենք որպես ազգ չենք հասունացել: Չենք հասկացել, որ ազգային ուժը համերաշխության, համբերատարության, միմյանց ընդունելու, լսելու, միմյանց նկատմամբ կարեկցանք ունենալու և ուղղակի սեփական ազգի ներկայացուցիչներին սիրելու մեջ է:

Ի վերջո, պետք է հասկանանք՝ մենք ուզո՞ւմ ենք ունենալ պետություն, ուզո՞ւմ ենք լինել 21-րդ դարում որպես ազգ, եթե ոչ, ապա ճիշտ ուղու վրա ենք, եթե այո, ապա պետք է թափ տալ այս արդեն երկար ժամանակ մեզ պատող ճնշող փոշին ու կեղտը, մաքրվել՝ հոգեպես, վերանայել մեր արժեհամակարգը և իրոք անցնել գործի:

Աստծո օրհնանքը թող միշտ մեզ հետ լինի»:

Նույն շարքից