Վերջին օրերին Եվրոպայից Հայաստան ուղևորվող ինքնաթիռները վայրէջք են կատարել Թբիլիսիի օդանավակայանում:
Analitik.am-ին հայտնի դարձավ, որ մասնավորապես Իսպանիայից Զվարթնոց օդանավակայան ուղևորվող ինքնաթիռի ուղևորներին հայտնել են, թե քամու պատճառով են վայրէջք կատարելու հարևան երկրի օդանավակայանում:
Analitik.am-ի հետ զրույցում Գագիկ Սուրենյանը նշեց, որ այս օրերին քամու առավելագույն արագությունը գրանցվել է վայրկյանում 20 մետր, որը կարող է դիտվել տարվա բոլոր եղանակներին:
Ավիացիայի փորձագետ Դմիտրի Ադբաշյանն Analitik.am-ի հետ զրույցում, անդրադառնալով քամու արագությամբ պայմանավորված օդանավերի վայրէջքի հետ կապված անհարմարություններին, նշեց, որ դա կախված է նրանից, թե ինչ ինքնաթիռ մասին է խոսքը. «Յուրաքանչյուր ինքնաթիռ ունի իր համար սահմանված կողային քամի հասկացությունը: Ինքնաթիռները չեն իջել երևի դրա իրավունքը չունենալու պատճառով»,-ասաց նա:
Հարցին՝ արդյո՞ք «Բոինգ» տեսակի օդանավերը կարող են նման քամու պայմաններում իջնել, Ադբաշյան ասաց՝ նայած «Բոինգ»:
«20 մ/վ արագությունը շատ-շատ է»,- նշեց Դմիտրի Ադրբաշյանը՝ հավելելով, թե իր փորձից ելնելով կարող է ասել, որ նման դեպքեր տարվա կտրվածքով դիտվում են մոտ 10 անգամ:
Քաղավիացիայից հաստատեցին, որ շաբաթ լույս կիրակի գիշերը երկու օդանավ չի կարողացել վայրէջք կատարել Զվարթնոց օդանավակայնում՝ Մադրիդից Հայաստան ժամանող Աէրոֆլոտի օդանավը և Բրյուսելից ժամանող Բրյուսելէյրի օդանավը:
«Բրյուսելից թռչող օդանավն իջել է Թբիլիսիում, մի քանի ժամ հետո հասել է Երևան, իսկ Մադրիդից թռչող օդանավը որոշ ժամանակ պտտվել է մեր տարածքում, հետո վայրէջք է կատարել Մինվոդիում, մեկ-երկու ժամ անց իջել է Զվարթնոցում»,- տեղեկացրեցին Քաղավիացիայից՝ նշելով, որ Թբիլիսի իջնելուց հետո որոշ ուղևորներ ավտոբուսով են հասել Երևան:
Գոհար Ստեփանյան