Հասարակություն Ֆեյսբուք 

Կառավարության կողմից տրված ֆինանսական աջակցությունը ԵՊՀ-ին չնչին է. Դավիթ Ափոյան

ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանն իր էջում գրում է.

«ԵՊՀ հարյուրամյակին նվիրված միջոցառումներն արդեն մեկնարկել են։ Մինչ միջոցառումների թոհուբոհի մեջ մտնելը մի քանի փաստ եմ ուզում արձանագրել՝

1.Կառավարական հոբելյանական հանձնաժողով այդպես էլ չստեղծվեց: Եթե ժամանակին կառավարական հանձնաժողով չստեղծելը նախարարությունը պայմանավորում էր Արամ Սիմոնյանի՝ ռեկտոր լինելու հանգամանքով, ինչն, անշուշտ, դատապարտելի մոտեցում էր, ապա ներկայիս անտարբերությունը ցույց է տալիս, թե նախարարությունն ինչ վերաբերմունք ունի Մայր բուհի և, առհասարակ, բարձրագույն կրթության նկատմամբ։

2.Տոնական միջոցառումների անցկացման համար Կառավարության կողմից տրված ֆինանսական աջակցություն չնչին է՝ ընդամենը 36 մլն դրամ: Համեմատության համար նշեմ, որ ԵՊՀ 90-ամյակին տոնակատարությունների համար պետության կողմից հատկացված գումարը մոտ 10 մլն-ով ավելի էր, քան ներկայիս աջակցության չափը։ Պետք է խոստովանել, որ առանց լուրջ պետական աջակցության ԵՊՀ-ն չունի բավարար կարողություններ մեծամասշտաբ միջոցառումներ կազմակերպելու համար։ Իսկ հարյուրամյակը լավ նշելու միակ իմաստը ոչ թե ներքին լսարանին իրազեկելն է, այլ արտասահմանյան գիտական և կրթական հանրույթի՝ դեպի ԵՊՀ ուշադրության սևեռումը։ Առանց պետական լուրջ աջակցության պարզապես անհնար է դրան հասնել։

3.Ըստ նախնական պայմանավորվածության՝ թե՛ ԵՊՀ գիտական խորհրդի հանդիսավոր նիստին, թե՛ գլխավոր խորհրդաժողովին երկրի վարչապետն ու նախագահը չեն մասնակցելու։ Ափսոսում եմ, քանի որ պետության գլուխն ու ղեկավարը կարող էին իրենց ներկայությամբ հավելյալ կշիռ հաղորդել Մայր բուհի հարյուրամյակին։ Ես հասկանում եմ, որ նրանց գրաֆիկը շատ խիտ է, սակայն, ըստ իս, եթե տուրիստ ման տալու ու ձկան փառատոններին մասնակցելու ժամանակ ունենում են, պետք է Մայր բուհի հարյուրամյակին պատշաճ մասնակցելու ժամանակ էլ լիներ։

Չնայած այս ամենին՝ ես գիտեմ՝ ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնելու։ Պարզապես պետք է հասկանալ, թե մեզնից յուրաքանչյուրն ինչ դեր կարող է ստանձնել այդ գործում՝ անկախ այն բանից, թե մյուսները (նույնիսկ երկրի ղեկավարները) ինչ կանեն։ Ես վստահ եմ, որ մենք ճիշտ ենք։ Եվ մենք կարող ենք»։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից