Հայկ Հարությունյանն արժանավոր, ազնիվ սպա էր, ուժեղ մարդ։ Ինձ համար անհասկանալի է այդ ինքնասպանությունը, որովհետև նա շատ կամային լավագույն հատկանիշներն ուներ և բարձր ինքնասիրություն։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին ոստիկանապետ, ԱԺ նախկին պատգամավոր Ալիկ Սարգսյանը՝ անդրադառնալով ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանությանը։
Ալիկ Սարգսյանը նախկին ոստիկանապետի ինքնասպանությունը չցանկացավ կապել Մարտի 1-ի գործի հետ. «Հայկ Հարությունյանը երբեք կամակատար չի եղել։ Նա ժողովրդի վրա զենք բարձրացնող չէր, որևիցե մեկի վրա կրակող չէր և հրամաններն էլ կամակատարի հոգեբանությամբ կատարող չէր»,-ասել է Ալիկ Սարգսյանը՝ նկատելով, որ եթե անգամ այդպիսի հրաման լիներ, Հայկ Հարությունյանն այն չէր կատարի։
Ալիկ Սարգսյանը վերջին անգամ Հայկ Հարությունյանի հետ հանդիպել է երեք-չորս ամիս առաջ։ Պատմում է՝ խոսել են ու պայմանավորվել հանդիպել աշնանը. «Պայմանավորվեցինք, որ աշնանը կհանդիպենք, ժամանակ կանցկացնենք։ Սովորական տրամադրությամբ էր, ես ոչինչ չզգացի»,-նշել է Ալիկ Սարգսյանը։
Ավելին` սկզբնաղբյուր կայքում