Դավիթ Տոնոյանն Աբովյանի հրաձգարանում հետևում է զորահավաքի ընթացքին: Լրագրողների հետ զրույցում նախարարն իր գոհունակությունը հայտնեց հանրության արձագանքի մասով՝ նշելով, որ մեծ թվով մարդիկ շատ արագ արձագանքել են զորահավաքին:
Լրագրողներից մեկի հարցին՝ արդյո՞ք զորահավաքում ներգրավվելու են նաև կառավարության այն անդամները, ովքեր չեն ծառայել բանակում, Տոնոյանը ժպտաց. «Կառավարության անդամները, ԱԺ անդամներն ունեն տարկետում: Բայց նրանք բոլորը զինապարտ են, այսպես թե այնպես ներգրավված են»:
Տոնոյանը խոսեց նաև Մանվել Գրիգորյանի և մասնավորապես այն մասին, որ վերջինս շարունակում է մնալ կալանքի տակ. «Ես ընդհանրապես մտահոգություն ունեմ իմ զինակցի այդ վիճակի հետ կապված: Գեներալ Մանվել Գրիգորյանի այսօրվա կարգավիճակը շատ մտահոգիչ է անձամբ իմ համար ու բոլոր երկրապահների համար»։