Շատ ցավալի դեպք է տեղի ունեցել: Բայց մենք այն իշխանությունը չենք, որ ճնշում գործադրենք մարդու վրա: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով Հայկ Հարությունյանի մահվան մասին և այն հրապարակումների վերաբերյալ, թե վերջինիս վրա Մարտի 1-ի գործով ճնշում է եղել. «Ես հակառակ վարկածի հետ էլ եմ ծանոթացել, որ նույնիսկ սպանել են, որ չգնա ցուցմունք տա Մարտի 1-ի գործով: Չի կարելի գնալ այդ ճանապարհով, պետք է սպասել, այստեղ խոսքը վերաբերում է մարդու կյանքին: Պետք է շատ զգույշ լինենք: Իրականությունը հայտնի կդառնա, որևէ մեկը թող չկասկածի»:
Ինչ վերաբերում է քննարկումներին, թե գուցե անհրաժեշտություն կա Մարտի 1-ի գործով վկաների անվտանգությունն ապահովելու համար, Սիմոնյանը նշել է. «Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանին բաց չթողնելու դատարանի որոշումը ճիշտ է: Այս գործը շատ ջուր կտանի, այն վերաբերում է շատ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, շատ ընտանիքների: Պետք է շատ լուրջ լինենք»:
Սիմոնյանը նշեց, որ Հայաստանը հանգիստ երկիր է, իսկ տեղի ունեցածն անցյալի արձագանքն է: