«Արա Մխիթարյանի վիճակը նույնն է`ծայրահեղ ծանր, ոչ մի փոփոխություն չկա»,-Analitik.am-ին ասաց փոխգնդապետ Արա Մխիթարյանի եղբայրը:
Նա նաև նշեց, որ բժիշկներն ուղղակի ասում են, որ առողջական վիճակը նույնն է, տեղաշարժ չկա. «Ազգականները մտնում են հիվանդի մոտ-դուրս են գալիս, ես էլ եմ եղբորս տեսակցում, տեսնում եմ`փոփոխություն չկա»,- ասաց փոխգնդապետի եղբայրը:
Հիշեցնենք , որ 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում փոխգնդապետ Արա Մխիթարյանի և Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանի մասնակցությամբ ծեծկռտուք էր տեղի ունեցել: Պարզվել էր, որ վիճաբանության ժամանակ բացի Արա Մխիթարյանից մարմնական վնասվածքներ են ստացել նույն զորամասի ևս երկու սպա: Կան տեղեկություններ, որ միջադեպին ներկա է եղել նաև Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը: Միջադեպին մարզպետի հնարավոր մասնակցությունը ստուգվում է: Փոխգնդապետը տեղափոխվել էր հիվանդանոց՝ «Փակ ծանր ԳՈՒՎ. գլխուղեղի աջ կիսագնդի միջին աստիճանի սալջարդ, աջ քունք-գագաթային, ճակատային բլթերի շրջանի սուբդորալ հեմատոմա՝ արտահայտված քունքտենտորյալ լատերալ դիսլոկացիայով» նախնական ախտորոշումով: Կատարվել էր շտապ վիրահատություն: Նա կոմայի մեջ է:
Հավելենք նաև` ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ասել էր, որ միջադեպի բոլոր պատասխանատուները պետք է պարզվեն և պատասխան տան` անկախ իրենց կարգավիճակից:
Վայոց ձորի մարզպետը հրաժարական է տվել:
Գոհար Ստեփանյան