Հայկ Հարությունյանը Մարտի 1-ի գործով ուներ վկայի կարգավիճակ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Դատախազը նաև խոսել է այն լրագրողներին հարցաքննության կանչելու մասին, ովքեր հրապարակում են արել Հարությունյանի մասին` մահվանից առաջ նրա վերջին խոսքերի վերաբերյալ: Դավթյանը մասնավորապես նշեց, որ իրականացվելու են օրենքով նախատեսված գործառույթներ. «Իրավապահ մարմինները որևէ պարագայում դուրս չեն գալու օրենքի շրջանակներից»:
Դատախազը վստահություն հայտնեց, որ առաջիկայում օրենսդրական լուրջ փոփոխություններ կլինեն, որպեսզի լրագրողը չնստի հորինի ինչ-որ մի բան, արդյունքում թաքնվի աղբյուրի գաղտնիության ու խոսքի ազատության սկզբունքների ետևում:
Գլխավոր դատախազը հայտնեց, որ իրավապահները տեղեկություններ չունեն այն մասին, թե Հայկ Հարությունյանը մահվանից առաջ խոսել է իր վրա ճնշումների մասին:
Դավթյանը հույս հայտնեց, որ հանրության արձագանքն ու լրագրողական շրջանակների վերաբերմունքը կարող է լուծել հարցը:
Հարցին, թե որքանով էր ճիշտ այս փուլում հրապարակել այն մասին, որ Հարությունյանն ալկոհոլ օգտագործած է եղել մահվան պահին, Դավթյանը նշել է, որ վարույթ իրականացնող մարմինն է որոշում, թե որ փուլում ինչի մասին պետք է հրապարակում լինի. «Կոնկրետ ալկոհոլ օգտագործելը ես չեմ համարում անբարոյական կամ հակաէթիկական վարքագիծ, որ դրա մասին հրապարակումն էլ որևէ մեկի կամ ընտանիքի համար վիրավորական լինի»: