Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որը 2014 թվականին ղեկավարում էր «Կվարտալ 95» ստուդիան, Ներքին գործերի նախարարության միջոցով փորձել է ներողություն խնդրել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովից՝ նրա մասնակցությամբ կադրերը հումորային ծրագրում օգտագործելու համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Страна.ua-ի, որն էլ վկայակոչում է նախարարության աղբյուրին:
Նշվում է, որ նույն տարվա աշնանը Զելենսկին անձամբ է գնացել Վլադիմիր Եվդոկիմովի մոտ, որն այն ժամանակ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալն էր, քանի որ շոումենն իբր «վախեցել է իր կյանքի համար»։
Իր հերթին Եվդոկիմովի ենթակայության տակ գտնվող Վիտալի Ստրիժակը հանդիպումներ է կազմակերպել Զելենսկիի և միջնորդ Յուրի Երինյակի միջև, որը, իբր, զրուցել է Չեչնիայի Ներքին գործերի նախարարության ղեկավարի տեղակալի հետ, այնուհետև նաև վարչության պետի հետ, որից հետո վերջինս խոսել է Զելենսկիի հետ:
Ըստ աղբյուրի, այդ ժամանակ անհատական հանդիպում հնարավոր է եղել նաև «Կվարտալ 95»-ի ղեկավարի և Կադիրովի միջև, սակայն Զելենսկին հրաժարվել է գնալ, և նրա փոխարեն գնացել է Երինյակը՝ «կոնֆլիկտը հարթելու» համար։
Ապրիլի վերջին, այդ ժամանակ արդեն Ուկրաինայի նախագահ ընտրված Զելենսկին կրկին ներողություն է խնդրել մուսուլմաններից «ЧистоNews» հաղորդման մեջ օգտագործված կադրերի համար, որում Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը լաց է լինում աղոթքից հետո։ Նա բացատրել է, որ չի իմացել տեսանյութի մասին, քանի որ չի վարել վերոնշյալ հաղորդումը։