«Սանիտեքի» աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում քաղաքապետարանի մոտ՝ պահանջելով լուծել իրենց աշխատավարձերի հարցը: Ընկերության աշխատակիցներն արդեն մի քանի շաբաթ է պարբերաբար հավաքվում են այստեղ ու բարձրացնում իրենց ձայնը:
Բանն այն է, որ «Սանիտեքից» հայտնում են, թե քաղաքապետարանից գումարը չեն փոխանցել, իսկ քաղաքապետարանից տեղեկացնում են, որ գումարը փոխանցվել է:
Սակայն պետք է հաշվի առնել, որ ընկերությանը տուգանել են: Հավանաբար հենց սա է պատճառը, որ ֆինանսական խնդիրներ են ի հայտ եկել:
Այս պահին ակցիայի մասնակիցները դեռ քաղաքապետարանի մոտ են: Նրանցից մեկի խոսքերով, ընտրությունների ժամանակ Մարությանը մարդկանց ձեռքերը սեղմում ու ասում էր, որ իրենց հետ է. «Հիմա եկել ենք, արի պատասխան տուր: Արա, տուն ենք պահում, ողորմություն չենք խնդրում, աշխատել ենք, մեր աշխատավարձն ենք ուզում»:
Նշենք, որ ակցիայի ժամանակ մասնակիցները մի պահ նկատեցին, որ Հայկ Մարությանը նայում է պատուհանից և պահանջեցին, որ նա իջնի. «Հայկո, Հայկո, իջի՛ր»:
Սակայն քաղաքաապետը չիջավ. «Փախավ, տեսա՞ք»,-արձագանքեց մասնակիցներից մեկը: