Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արձագանքել է դպրոցի ուսուցչուհու և աշակերտի միջև տեղի ունեցած միջադեպին՝ կողմ արտահայտվելով ուսուցչուհու պահվածքի վերաբերյալ, գրում է gp.by-ը:
Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին, երբ տեղի ԶԼՄ-ները հրապարակեցին մի տեսանյութ, թե ինչպես է Գոմել քաղաքի դպրոցներից մեկում ուսուցչուհին բարկանում չորրորդ դասարանի աշակերտի վրա․ «Ես կգնամ բանտ, և քեզ ... կլինի: Օ, ինչ ծիծաղելի է: Ծիծաղելի է, որովհետև գերեզմանոց կտանեն նրա համար, որ ծաղրում ես ուսուցչուհուն»,-տեսանյութում ասել է վրդովված ուսուցչուհին:
Սկանդալի պատճառով, 35 տարվա դասավանդման փորձ ունեցող ուսուցչուհուն հեռացրել են աշխատանքից, իսկ դպրոցի տնօրենը նկատողություն է ստացել:
Ինքն ուսուցչուհին՝ Լյուդմիլա Իվանովնա Չետվերտակովան իր պահվածքը բացատրել է նրանով, որ երեխան անընդհատ վիրավորական խոսքեր է հնչեցրել և ընդհատել դասը։
Միջադեպի մասին հայտնի է դարձել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:
Ինչպես գրում է «Комсомольская правда»-ն, վկայակոչելով նախագահի խոսնակի խոսքերը, Լուկաշենկոն որպես պետության ղեկավար, որպես ուսուցիչ, որն աշխատել է դպրոցում շատ էմոցիոնալ և կոշտ է արձագանքել միջադեպին․ «Վերցրել և պատժել են այդ խեղճ ուսուցչին: Ես ուսուցչի փոխարեն այդ լակոտի գլուխը կոլորեի։ Հեռախոսներով են նստած այնտեղ ...։ Ինչպես չեք հասկանում, դուք էլ երեխաներ ունեք, հեռախոսներն ու մնացած տեխնիկան դպրոցում տեղ չունեն, դա ոչ միայն շեղում է երեխաներին դասից, այլ նաև նպաստում է նրան, որպեսզի երեխաները դադարեն մտածել։ Նրանք հաշվել չգիտեն, որովհետև հեռախոսի օգնությամբ ավելի հեշտ է հաշվելը»,-ասել է Լուկաշենկոն։
Պետության ղեկավարի միջամտությունից հետո ուսուցչուհին վերադարձել է դպրոց։