Պայմանավորվել էինք մոտ օրերս հանդիպել զրուցել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ով մասնակցում է Հայկ Հարությունյանի հոգեհանգստի արարողությանը:
Սարգսյանի խոսքերով, հանդիպումների ժամանակ հիմնականում զրուցել են բնության, որսի, նախկին կապերի մասին. «Այլ բան չենք խոսել»:
Սարգսյանը պնդել է, որ Մարտի 1-ի մասին առհասարակ խոսակցություն չի եղել:
Նախկին ոստիկանապետը դժվարացել է ասել, թե ինչը կարող էր ստիպել Հարությունյանին գնալ այդ քայլին. «Ճանաչելով նրան՝ կարող եմ ասել, որ այս արարքը հարիր չէ նրան, որովհետև նա լուրջ, հատուկ խառնվածք ունեցող, սկզբունքային անձնավորություն էր, ուներ ամուր նյարդեր: Թե ինչ է եղել վերջին ամիսներին, չեմ կարող ասել: Ես նրան երբեք հարբած չեմ տեսել: Ասում են, որ վերջերս խմելու հետ կապված խնդիրներ է ունեցել, ես նման բան չեմ նկատել: Նա ֆիզիկապես ամուր տղամարդ էր, նախկին մարզիկ: Ես չգիտեմ, թե ինչու նա պետք է այդ քայլին գնար»:
Սարգսյանը չի ուզում եզրակացություններ անել, թե տեղի ունեցածը կապ ունի Մարտի 1-ի հետ. «Եթե Մարտի 1-ի մասին խոսենք, ուրեմն կասեմ, որ ես հեռու եմ մտքից, թե նա ժողովրդի վրա ձեռք կբարձրացներ, կկրակեր, նման հրաման կտար: Թող քննությունը պարզի՝ նա կապ ուներ դրա հետ, թե՝ ոչ»:
Վերջին անգամ իրար հանդիպել են 3 ամիս առաջ:
Սարգսյանի համար խորթ է այն, որ Հարությունյանն ինքնասպանություն է գործել, քանի որ նա ուժեղ մարդ է եղել. «Չգիտեմ, քննությունը կպարզի»: