Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասսամբլեայի նիստում ասել է, որ միջազգային անվտանգության հիմքերը գտնվում են հարվածի տակ և պահանջում են բարեփոխումներ: Այս մասին հայտնում է BBC-ն։
Իր ելույթը Զելենսկին սկսել է Դոնբասում մահացած ուկրաինացի հայտնի օպերային երգիչ Վասիլի Սլիպակի պատմությամբ: Ելույթի ընթացքում Զելենսկին ներկաներին ցույց է տվել մեծ տրամաչափի փամփուշտ՝ ասելով, որ մոլորակի վրա մարդու կյանքի գինն այժմ հավասար է այդպիսի զինամթերքի արժեքին, այսինքն՝ 10 դոլար:
Զելենսկին ասել է, որ գնդակը 12,7 մմ տրամաչափի է: Դրանք նախատեսված են հիմնականում թեթև զրահապատ մեքենաներ և թշնամու ինքնաթիռներ ոչնչացնելու համար, չնայած իրականում օգտագործվում են մարդկանց դեմ:
Ընդհանուր առմամբ, Ուկրաինայի նախագահի ելույթն անվանել են հակառազմական:
«Այսօր ցանկացած պատերազմ, ցանկացած երկրում` լինի դա Ուկրաինա, Սիրիա, Լիբիա, Եմեն կամ ցանկացած այլ երկրում, սպառնալիք է մարդկային քաղաքակրթության համար: Պետությունների միջև հակասությունները դեռ լուծվում են հրթիռներով, ոչ թե բառերով»,-ասել է Զելենսկին:
Ուկրաինայի նախագահը նշել է, որ զինված հակամարտություններից մեկը՝ Դոնբասում, ուղղակիորեն ազդել է Ուկրաինայի վրա:
Նրա խոսքերով զոհերի թիվը կազմում է 13 հազար, վիրավորներինը՝ 30 հազար: Եվս 1,5 միլիոն մարդ, ըստ Զելենսկիի, ստիպված են եղել լքել իրենց տները:
Նա նշել է, որ այդ թվերը շարունակում են աճել:
Ըստ Զելենսկիի, այն փաստը, որ հակամարտությունը դեռ շարունակվում է, ցույց է տալիս միջազգային անվտանգության համակարգի անկատարությունը․ «Այդ մեխանիզմները սկսում են չաշխատել, ինչը նշանակում է, որ դրանք պետք է թարմացնել»,-ասել է նա:
Միևնույն ժամանակ Ուկրաինայի նախագահը նշել է, որ Կիևը կասկածի տակ չի դնում միջազգային կազմակերպությունների, մասնավորապես ՝ ՄԱԿ-ի հեղինակությունը: