Մեծ Բրիտանիայում ծովային հետևակի նախկին հրամանատար Նիկ Գրիֆիթսը դարձել է առաջին մարդը, ով իր իսկ ոտքից կտրված մատով կոկտեյլ է խմել։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Metro-ին։
2018 թվականի փետրվարին Գրիֆիթսը մասնակցել է միջազգային «Yukon Arctic Ultra» մրցաշարին, որը կազմակերպվել էր կանադական Յուկոնի տարածքում։ Մրցույթի մասնակիցներին տրվել է ութ օր՝ տունդրայի երկայնքով մոտ 500 կմ անցնելու համար։ Բրիտանացին ստիպված է եղել լքել մրցարշավը ստացած վնասվածքի պատճառով։ Նա հոսպիտալացվել է, արդյունքում անդամահատվել է վերջինիս ոտքի երեք մատը։
Վիրահատությունից առաջ բուժքույրը Գրիֆիթսին պատմել է հայտնի կոկտեյլի մասին, որը պատրաստվում է կտրված մատով։ Ավանդույթի համաձայն, խմելու ժամանակ բաժակը չպետք է հեռացնել բերանից այնքան ժամանակ, մինչև մատը կամ մատները չդիպչեն շուրթերին։ Բուժքրոջ պատմածից հետո Գրիֆիթսոնը որոշել է փորձել և կազմակերպված երեկույթի ժամանակ խմել է հայտնի կոկտեյլը․ «Այնքան էլ վատ չէր։ Ավելի շատ նման էր սառույցի կտորի։ Մատներս նույն տեսքն ունեին, ինչպես առաջ»,-ասել է նա։