ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր մի քանի տեղից իմացա, որ ղեկավար կազմում անհանգստացած են և ակնկալում են, որ այս տոնական միջոցառումների ընթացքում մենք ինչ-որ քայլեր կձեռնարկենք: Ուզում եմ ասել, որ կարող եք փողկապները թուլացնել և հանգիստ լինել: Նման բան պարզապես չի կարող լինել: Այսօրվա Գիտական խորհրդի հանդիսավոր նիստին ուսանողները մասնակցելու են և քվորման համար անհրաժեշտ ⅔-ը անպայման ապահովվելու է: Թեև մենք կարող էինք վարվել այնպես, ինչպես երկու օր առաջ դուք վարվեցիք: Բայց դա մերը չէ: Հետո, եթե մենք էլ նույն ձևով վարվենք, ինչո՞վ ենք տարբերվելու ձեզնից:
Ուզում եմ ուղղակի հիշեցնել, որ նույնիսկ այն ժամանակ, երբ Ուսանողական խորհրդի լուծարումը մազից էր կախված, մենք մեր բողոքի ակցիաները այնպես էինք կազմակերպել, որ նույն վայրում անցկացվող Արևելագիտության ֆակուլտետի հոբելյանական գիտաժողովը ոչ մի կերպ չտուժի: Ուստի զարմանալի կլիներ, եթե այս տոնական օրերին հակառակ ձևով գործեինք:
Համալսարանը ոչ մերն է, ոչ ռեկտորինը, ոչ Խորհրդի նախագահինը և ոչ էլ առավել ևս նախարարինը: Մայր բուհը ազգային արժեք է, որի հարյուրամյակը չպետք է տուժի ընթացիկ վեճերի պատճառով: Այս երկու օրը մասնակցելու ենք բոլոր հնարավոր միջոցառումներին, բացառությամբ Ֆլորենսի խնջույքի: ԵՊՀ ռեկտորին տեղեկացնելու եմ, որ մեզ համար նախատեսված տեղերը հանի ցուցակից: Կարծում եմ՝ պատճառները հասկանալի են, մեկնաբանման կարիք չունեն: Իսկ տոնակատարություններից հետո դարձյալ կհանդիպենք ԵՊՀ գիտական խորհրդի դահլիճում:
Մեզ ուրախ տոներ»: