Ես միշտ ասել եմ ու շարունակում եմ ասել, որ շատ սխալ է մեկնաբանել մեկ այլ մարդու ասածները, փորձել երևակայել ու հասկանալ, թե ինչ է նա նկատի ունեցել: Այս մասին 24news.am-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ իմքայլական պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ է մտածում եկեղեցականներին ծնկի բերելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ:
«Մի բանում հաստատ վստահ եմ, որ պարոն Փաշինյանը մերկապարանոց հայտարարություններ երբեք չի անում: Եթե նա նման բան ասել է, ուրեմն դրա համար ունեցել է բավականին լուրջ պատճառներ»,-ասել է պատգամավորը՝ հավելելով, որ նրանք, ովքեր մեծ մեղքեր են գործել, հավանաբար կարիքը կլինի․ «Հենց պարոն Փաշինյանին պետք է հարցնել, թե ինչ է նկատի ունեցել, չնայած փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ հարցնելու կարիք չի լինի, քանի որ Փաշինյանի մոտ փուլերով է՝ անում է հայտարարություն, հետո սկսում փաստերով բացել իր ասած նախադասության բոլոր բառերը: Այն, որ խնդիր կա, բոլորն են իմացել»:
Բադալյանը նշել է, թե մի շրջան է եղել, որ սխալ պահվածքով եկեղեցականների պատճառով ընդհանուր առմամբ ժողովուրդը հեռացվել էր եկեղեցուց:
Իմքայլականը խոսել է նաև Ստամբուլյան կոնվենցիայի մասով եկեղեցու դատապարտող դիրքորոշման մասին. «Եթե որևէ եկեղեցական ինձ բացատրի, թե ինչով է կոնվենցիան հակասում եկեղեցական կամ քրիստոենական, հայ առաքելական եկեղեցու չափանիշներին, այդ ժամանակ ես կարող եմ հարցին պատասխանել: Իսկ ինձ մոտ՝ որպես քրիստոնեայի, հակառտակ հարցն է առաջանում՝ ինչպե՞ս է ստացվում, որ քրիստոնեական եկեղեցու հետևորդը բռնության կոչեր է անում ի դեմս եկեղեցու և եկեղեցականների»:
Բադալյանի խոսքերով, ինքը բացարձակ անտարբեր է Ստամբուլյան կոնվենցիայի նկատմամբ, սակայն իր համար անընդունելի են բռնության կոչերը, որոնք լինում են որոշ հոգևորականների կողմից՝ ուղղված կոնվենցիային կողմ արտահայտվողներին: Բադալյանը չի մասնավորեցրել, թե որ եկեղեցականն է բռնության կոչ արել:
Պատգամավորը վստահ է, որ կոնվենցիայի ընդունվելու դեպքում ներքին ինչ-որ մեծ ազդեցություններ չեն լինելու, իսկ աղմուկը, որը բարձրացել է կոնվենցիայի շուրջ, ուռճացված է: