Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Եվրամիությունն անվանել է անվստահելի գործընկեր: Նա իր կարծիքը հայտնել է «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում, փոխանցում է Լենտան:
Նրա խոսքերով, Մոսկվայում այդպիսի եզրակացության են եկել տեսնելով Բրյուսելի աշխարհաքաղաքական խաղը` «մեզ հետ կամ մեր դեմ»:
«Ավելին, նմանատիպ դիրքորոշում ձևավորվել է Եվրոպայում ուկրաինական ճգնաժամից առաջ: Դեռևս 2004 թվականին Բրյուսելը պահանջում էր, որ Կիևը հստակ պատասխան տա՝ Ռուսաստանի հետ է, թե` Եվրոպայի, իսկ այժմ նա շարժում է Կենտրոնական Ասիայի համար նախատեսված ծրագիրը, որը կազմվել է նաև առանց հաշվի առնելու Մոսկվայի շահերն ու մեզ միավորող կապերը»,-ասել է Լավրովը:
Ավելի վաղ Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները ժամանակավոր փուլ է, դրանք ցանկացած պահի կարող են հանվել:
Նա ավելացրել է, որ Ռուսաստանը «հայտարարել է զարգացման մեծ ծրագիր մինչև 2024 թվականը», որն ընդգրկում է 12 ազգային նախագիծ, և Ֆրանսիան կցանկանար առաջարկել փոխգործակցություն գործընկերության այն ոլորտներից դուրս, որոնք արդեն կան:
Հունիսի 20-ին Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով Եվրամիությունը 6 ամսով երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները: ԵՄ անդամները միաձայն որոշել են, որ Ռուսաստանը բավարար չափով չի իրականացնում Մինսկի համաձայնագրերը: