Այսօր` սեպտեմբերի 27-ին Ամուլսարի գործով քննչական խմբի նոր ղեկավար, ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Ամուլսարի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, այս փուլում իրականացվում է քրեական գործի ուսումնասիրություն և պլանավորում. «Հաշվի առնելով, որ նախաքննությունը շարունակվելու է առաջիկայում, մենք նախ պետք է ծանոթանանք դրան, նաև զուգահեռ պլանավորենք»:
Այվազյանի խոսքերով, քրեական գործի ընթացքը շատ դինամիկ է և ամեն պահի կարող են կայացված որոշումները վերանայվել, ցանկացած մեկ փաստաթուղթ կարող է քրեական գործին ընթացք տալ, կամ որոշակի փոփոխություններ բերել. «Նախաքննության ընթացքում վերջին շրջանում ի հայտ են եկել նոր տեղեկություններ, որոնցով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել շարունակելու նախաքննությունը»:
Այվազյանն իրավական գնահատականներ չտվեց` միայն նշելով, որ նախաքննության ընթացքում համապատասխան որոշումներ կկայացվեն. «Նախաքննությունը շարունակելու հիմքը Շրջակա միջավայրի նախարարությունից ստացած մասնագիտական գրությունն է, որն առնչություն ունի Ամուլսարի վերաբերյալ քրեական գործում առկա տվյալների հետ: Այդ տեղեկությունները պետք է ուսումնասիրվեն»: