Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, խոշոր ու ողբերգական ավոտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Renault Megane մակնիշի 35 XO 160 համարանիշի ավտոմեքենայի վարորդը երևան-Սևան ավտոճանապարհի 58-րդ կմ հատվածում, դեպի Դիլիջան ընթանալիս, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի բնակիչ, 51-ամյա Հուսիկ Սեդրակյանին պատկանող Lexus ԼX 570 մակնիշի 77 ԼX 775 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Renault-ի ուղևորը տեղում մահացել է, իսկ վարորդն ու 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևան բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել Lexus-ի վարորդը, քաղաքացիները, ճանապարհային ոստիկաններն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարները:
Հարվածի հետևանքով Lexus-ը առաջ է ընթացել և բախվել ճանապարհը բաժանող երկաթե արգելապատնեշին:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը Renault Megane-ի վարորդի կնոջ եղբայրն էր: