Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև բանակցությունները կմնան «գաղտնի» խորագրի ներքո»,-այս մասին ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ Վերջինիս խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Պեսկովը հույս է հայտնել, որ ռուս-ամերիկյան հարաբերություններում անհրաժեշտություն չի լինի դիմել խոսակցությունների ամբողջական տեքստի հրապարակմանը: Այսպես է նա մեկնաբանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ Թրամփի հեռախոսազրույցի հրապարակումը։
Նախօրեին Կրեմլի ներկայացուցիչը հայտարարել էր, որ նմանատիպ հրապարակումները հազվադեպ են պատահում դիվանագիտական պրակտիկայում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Սպիտակ տան կայքէջում հրապարակվեց Թրամփի և Զելենսկիի հուլիս ամսին տեղի ունեցած հեռախոսազրույցի սղագրությունը՝ ԱՄՆ նախագահի նախաձեռնությամբ: Այս տարբերակով նա արձագանքեց կոնգրեսականների` Ուկրաինայի առաջնորդի վրա ճնշում գործադրելու մասին մեղադրանքներին: Զրույցի մանրամասները, որոնք մինչ այդ հրապարակային չէին, առիթ դարձան, որ ամերիկացի խորհրդարանականները սկսեն ԱՄՆ նախագահի իմփիչմենտի գործընթացը։