ԱՄՆ նախագահի անձնական փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին հայտնել է, որ չեղյալ է համարել այցը Հայաստան, որտեղ պետք է գումարի դիմաց ելույթ ունենար կոնֆերանսի ժամանակ: Այս մասին հայտնում է The Washington Post-ը:
Պարբերականը գրում է, որ խոսքը վերաբերում է կոնֆերանսին, որը Հայաստանում կազմակերպվել է ԵԱՏՄ-ի աջակցությամբ: Սպասվում է, որ կոնֆերանսին մասնակցելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես նաև ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաներ:
Սեպտեմբերի 27-ին, առավոտյան Ջուլիանին The Washington Post-ի հետ զրույցում հաստատել էր հայաստանյան այցը, սակայն արդեն երեկոյան հայտնել էր, որ այն չեղյալ է համարվում:
«Ես չեմ իմացել, որ Պուտինն էլ է գնում»,-ասել է Թրամփի փաստաբանը` հավելելով, որ խիզախության հարցում կարևորը խոհեմությունն է:
Թերթը գրում է, որ Ջուլիանիի հայաստանյան այցի չեղարկումը տեղի է ունենում Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույցի շուրջ ստեղծված սկանդալի ֆոնի վրա: Ջուլիանին ավելի վաղ հայտնել էր, որ Կոնգրեսում չի խոսելու, եթե Թրամփը թույլ չտա անել դա: