Բիզնես Հասարակություն 

Ցածր ջերմաստիճանի հնարավոր վնասները. Գյուղնախարարությունը պարզաբանում է

analitik.am

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից հայտնում են, որ ներկայում դեռևս վաղ է դեկտեմբերից գրանցված ցածր ջերմաստիճանների հետևանքով գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերի և բազմամյա տնկարկների հնարավոր վնասների վերաբերյալ ընդհանրացումներ անել և տալ գնահատականներ:

 

Հաղորդագրության մեջ ասվում է. «2013 թվականի դեկտեմբերի 14-ից հանրապետությունում սկսվեց ջերմաստիճանի նվազումը և արդեն տարվա վերջին օրերին Արարատյան հարթավայրում գրանցվեցին ամենացածր ջերմաստիճանները՝ 16-20 աստիճան զրոյից ցածր, իսկ հանրապետության մյուս տարածաշրջաններում դիտվեց տարվա տվյալ ժամանակահատվածին բնորոշ ջերմաստիճանային ռեժիմ:

 

Այսօրվա դրությամբ դեռևս վաղ է ցածր ջերմաստիճանների հետևանքով գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերի և բազմամյա տնկարկների հնարավոր վնասների վերաբերյալ ընդհանրացումներ անել և տալ գնահատականներ: Սակայն, միանշանակ կարելի է պնդել, որ հանրապետության հիմնական հացահատիկացան տարածաշրջաններում աշնանացան ցորենի ցանքերը չեն տուժել, քանի որ ցածր ջերմաստիճաների պայմաններում ծածկված են եղել ձյան կայուն շերտով:
Արարատյան հարթավայրում և նախալեռնային գոտում խաղողի ծածկված այգիների (որտեղ խնամքով կատարվել է այգեթաղ) վազերը բացարձակապես չեն վնասվել:

 

Չեն վնասվել նաև չթաղված ցրտադիմացկուն (Մեղրաբույր, Չարենցի, Ներկառատ և այլն ) սորտերի վազերը: Նախարարության մասնագետները մտահոգություն ունեն, որ չթաղված խաղողի սեղանի և մի շարք տեխնիկական սորտերի բերքատու մատերի կենտրոնական (գլխավոր) աչքերը կարող են այս կամ այն չափով վնասված լինել: Չի բացառվում նաև վնասների հնարավորությունը կարկտահարված դեղձենու և կեռասենու այգիներում:

 

Վերջնական արդյունքները պարզ կդառնան մարտի կեսերին, երբ խաղողի վազերի և պտղատու ծառերի մոտ կսկսվի ակտիվ հյութաշարժը: Այդ կապակցությամբ կներկայացվի համապատասխան տեղեկատվություն»: 

Նույն շարքից