Ոչ ոք չէր կարող Հայկ Հարությունյանի վրա ավելի մեծ ճնշում գործադրել, քան նրա խիղճը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, Պաշտպանության և անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստից հետո, սեպտեմբերի 30-ին ասել է դրա նախագահ, կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք արժե ապահովել Մարտի 1-ի գործով վկաների պաշտպանությունը Հայաստանի նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան հետ կապված, որը, քննության նախնական վարկածով, ինքնասպան է եղել։ Փոխանցում է News.am-ը:
Քոչարյանի խոսքով՝ նրան հայտնի չէ, «թե ինչ կարող էր խորհուրդ տալ Հարությունյանի խիղճը տիրոջը»։ «Բայց որ ոստիկանությանը ստիպել են դիմել անօրինական գործողությունների, դա փաստ է, և դուք բոլորդ դա տեսել եք»,- ավելացրել է Քոչարյանը՝ հիշեցնելով, որ նախկին ոստիկանապետը ավելի վաղ տեղեկացրել էր բազմաթիվ փաստերի մասին, որոնք փորձել են թաքցնել Մարտի 1-ի գործով։
Պատգամավորի խոսքով՝ Հարությունյանն ավելի վաղ տեղեկացրել էր Մարտի 1-ի գործով փաստահավաք հանձնաժողովին այդ օրերին հատուկ շտաբի առկայության և դիպուկահարների գործողությունների մասին Երևանում բողոքի ցույցերի ցրման ժամանակ։ Կառավարող դաշինքի պատգամավորը համոզված է, որ Հայկ Հարությունյանի համար հոգեբանորեն դժվար էր պատկերացնել, որ նա կհայտնվի որևէ քրեակատարողական հաստատության պատերի ներսում, որի ղեկավարը, ըստ էության, եղել էր ինքը»։