Հասարակություն 

Պուտինի դաջվածքով տիկնիկը և գունատ Ցուկերբերգը. Հայտնի երգիծական շոուն վերադառնում է /լուսանկարներ/

Երգիծական «Spitting Image» տիկնիկային շոուն վերադառնում է բրիտանական էկրաններ: Դրա վերջին թողարկումը ցուցադրվել է 23 տարի առաջ: Այս մասին հայտնում է BBC-ն։

Շոուի ստեղծողներից մեկը՝ Ռոջեր Լոուն ասել է, որ աշխարհում իրավիճակը բավականին քաոսային է․ «Ես կարծում եմ, որ սա ավելի լավ է, քան` հեռուստատեսությամբ գոռալը»,-ասել է նա:

Շոուի փորձնական դրվագն արդեն նկարահանվել է: Համացանցում հայտնվել են քաղաքական գործիչների տիկնիկների առաջին լուսանկարները: Դրանց թվում են դքսուհի Մեգանը և արքայազն Հարրին, ինչպես նաև Վլադիմիր Պուտինը` «գողական կյանք» գրությամբ դաջվածքով:

«Spitting Image» շոուն առաջին անգամ հայտնվեց բրիտանական էկրաններին 1984 թվականին: Այդ տարիներին երգիծանքի առարկա հիմնականում դառնում էին սովորական բրիտանացի քաղաքական գործիչները: Այժմ փոփոխություններ են եղել, և հերոսները կլինեն աշխարհահռչակ մարդիկ։

Ռոջեր Լոուն արդեն հայտարարել է, որ կերպարներից մեկը կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով, ըստ նրա, «տեղով մեկ երգիծաբան է»:

Նախագծում իրենց մասնակցությունը հաստատել են կատակերգու Լյուկ Քեմփները և ծաղրանկարիչ Ադրիան Թիլը, ովքեր ստեղծել են տիկնիկները:

Շոուն եթերից հեռացնելուց հետո Ռոջեր Լոուն նվիրել է ծրագրի բոլոր սցենարները, նկարները և ձայնագրությունները Քեմբրիջի համալսարան:

 

Նույն շարքից