Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ սկսում է կիբերպատերազմ։ Այս մասին վերջինս խոսել է NBC-ին տված հարցազրույցի ժամանակ։
Այս կերպ իրանցի պաշտոնյան պատասխանել է լրագրողի խնդրանքին՝ մեկնաբանել այն իրավիճակը, երբ ԱՄՆ իշխանությունները մեղադրում են Իրանին և մի շարք երկրների՝ Ամերիկայում կայանալիք նախագահական ընտրություններին միջամտելու իրենց մտադրության մեջ:
«Մենք չենք միջամտում ուրիշ երկրների ներքին գործերին, բայց ընթանում է կիբերպատերազմ, ԱՄՆ-ն է սկսել այդ պատերազմը՝ վտանգավոր և անպատասխանատու կերպով հարվածներ հասցնելով մեր միջուկային օբյեկտներին, որը կարող էր բերել միլիոնավոր մարդկային զոհերի»,-ասել է նախարարը։
Զարիֆը հիշեցրել է նաև Stuxnet վիրուսի մասին, որը նախնական տվյալներով, ստեղծել են իսրայելցի և ամերիկացի մասնագետները, որպեսզի խանգարեն Իրանի միջուկային ծրագրին։
«ԱՄՆ-ն չի կարողանում ավարտել գեթ մեկ պատերազմ, որը սկսում է»,-ընդգծել է նա։