Հասարակություն 

Ագրարայինը կօգնի Բերձորում կառուցվող գյուղատնտեսական քոլեջին

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը սեպտեմբերի 28-ին ընդունել է «Անուշավան Աբրահամյան կրթական հիմնադրամի» հիմնադիր նախագահ Անուշավան Աբրահամյանին: Այս մասին հայտնում է ՀԱԱՀ կայքը։

Քննարկվել են համալսարանի և հիմնադրամի միջև փոխգործակցության հնարավորություններն ու հեռանկարները: Մասնավորապես անդրադարձ է եղել հիմնադրամի միջոցներով ԱՀ Քաշաթաղի շրջանի վարչական կենտրոն Բերձոր քաղաքում կառուցվելիք գյուղատնտեսական քոլեջի համար մասնագետների պատրաստման խնդրին. տարածաշրջանում որպես գյուղատնտեսական մասնագիտական ուսումնական հաստատություն կայանալու համար քոլեջին անհրաժեշտ են նախևառաջ որակյալ դասախոսական կադրեր:

Քոլեջը մասնագետներ է պատրաստելու գյուղատնտեսական արտադրության և վերամշակման տարբեր ենթաոլորտների համար: Ռեկտոր Ուռուտյանը հավաստիացրեց, որ Ագրարային համալսարանի մասնագետները կօգնեն քոլեջին թե ուսումնական պլանների կազմման և թե կադրերի պատրաստման գործում:
«Անուշավան Աբրահամյան կրթական հիմնադրամը» ստեղծվել է 2004թ.-ին, ԱՄՆ-ում՝ միջին մասնագիտական մրցունակ կադրերի պատրաստմանն օժանդակելու նպատակով: Հիմնադրամն առ այօր կահավորել և ֆինանսավորել է մեկական արհեստագործական քոլեջ կամ ուսումնարան Հայաստանի 9 մարզերում: Բերձորի գյուղատնտեսական քոլեջի շինարարության մեկնարկը տրվել է օրերս՝ պարոն Աբրահամյանի մասնակցությամբ:

 

Նույն շարքից