Հասարակություն Պատահարներ 

Պողոս Պողոսյանի սպանության գործով նոր վարույթ է հարուցվել և ուղարկվել Երևանի քննչական վարչություն

analitik.am

Պողոս Պողոսյանի սպանության գործով նոր վարույթ հարուցվել և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին:

Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը «Ա1+»-ի հետ զրույցում հաստատեց, որ 2001 թվականի սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը «Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյան սպանության գործով երևան եկած նոր հանգամանքների հիման վրա վարույթ է հարուցվել։

Բրիտանացի Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչների դիմումը 2019 թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ գլխավոր դատախազությունից քրեադատավարական կարգով քննարկելու նպատակով Երևան քաղաքի դատախազություն է ուղարկվել ։

Դիմումին կից ուղարկվել են նաև թարգմանված փաստաթղթերը, այդ թվում՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննված՝ Պողոսյանի սպանության վերաբերյալ քրեական գործը:

Հիշեցնենք, որ սպանության գործով 2002 թվականի փետրվարի 21-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանի (դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ) դատավճռով ազգային անվտագության նախարարության աշխատակից, Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի անդամ Աղամալ Հարությունյանը մեղավոր էր ճանաչվել նախկին Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով (հանցավոր անփութություն դրսևորելով անզգույշ սպանություն կատարելը), ու դատապարտվել էր 2 տարի ժամկետով ազատազրկման։ Պատիժը պայմանականորեն չէր կիրառվել՝ սահմանվելով 1-ամյա փորձաշրջան:

Դիմումի մեջ տեղ գտած Նյուտոնի հայտարարությունից ելնելով՝ դատախազությունը ենթադրել է, որ Պ. Պողոսյանը կյանքից զրկվել է ոչ թե անզգուշությամբ, այլ Աղամալ Հարությունյանի և գործով չպարզված այլ անձանց կողմից՝ դիտավորությամբ և խուլիգանական դրդումներով: Այսինքն՝ առերևույթ  երևան են եկել այնպիսի հանգամանքներ, ըստ որոնց Աղամալ Հարությունյանն առերևույթ կատարել է ավելի ծանր հանցանք՝ սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում, քան այն, որի համար վերջինս դատապարտվել է, այդ թվում դրանք առերևույթ վկայել են հանցանքի կատարմանը նաև այլ անձանց մասնակցությունը:

Երևան եկած նոր հանգամանքներից ելնելով՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով (Սպանությունը մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանական դրդումներով) Երևան քաղաքի դատախազությունում հարուցվել է վարույթ: Քննություն կատարելու հանձնարարությամբ գործն ուղարկվել է Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն:

Նույն շարքից