ԱՄՆ Սենատը ստիպված կլինի բարձրացնել նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնից հեռացնելու հարցը, եթե դրա օգտին քվեարկեն Ներկայացուցիչների պալատում։ Այս մասին «CNBC»-ի հետ զրույցում հայտարարել է Սենատում Հանրապետական մեծամասնության ղեկավար Միտչ Մաքքոնելը։
«Ես այլ ելք չեմ ունենա բացի հարցը քննարկման դնելը։ Այդպիսին են իմփիչմենտի վերաբերյալ Սենատի կանոնները»,-ասել է նա։
Նշվում է, թե քիչ հավանական է, որ պետության ղեկավարը հեռացվի պաշտոնից։
Սենատը ղեկավարող հանրապետականները չեն աջակցում ստորին պալատի դեմոկրատների նախաձեռնությանը, իսկ այսպիսի որոշման համար անհրաժեշտ է սենատորների ձայների երկու երրորդը։
Սեպտեմբերի 25-ին, Ներկայացուցիչների պալատը սկսեց իմփիչմենտի գործընթացը: Պատճառն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ նրա հեռախոսազրույցն էր. Դեմոկրատական կուսակցության անդամները ցանկանում են ապացուցել, որ Միացյալ Նահանգների ղեկավարը ճնշում է գործադրել իր ուկրաինացի գործընկերոջ վրա՝ խթանելու համար Ջո Բայդենի դեմ կոռուպցիոն գործի քննությունը:
Ինքը՝ Բայդենը, համարվում է Թրամփի ամենահեռանկարային հակառակորդը 2020 թվականի նախագահական ընտրություններում: