ՎԵՏՕ շարժման մասնակիցները, ովքեր այսօր բողոքի ակցիա են իրականացնում Սորոսի գրասենյակի դեմ, իրենց կոչը հղեցին նաև ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու համար Երևան ժամանած անդամ երկրների, Իրանի, Սինգապուրի, Մոլդովայի ղեկավարներին՝ բարձրաձայնելով վտանգի մասին, որը, շարժման ղեկավար Նարեկ Մալյանի խոսքերով, դուրս է գալիս Հայաստանի սահմաններից:
Շարժման մասնակիցներն իրենց կոչը Հայաստանում գտնվող ղեկավարներին փոխանցեցին փուչիկների օգնությամբ, իսկ վտանգի մասին ահազանգը եղավ կարմիր ծուխի տեսքով:

Նարեկ Մալյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իրենք ընդգծված հարգանք ունեն ոստիկանության նկատմամբ, նաև նպատակ չունեն խանգարելու Երևանում ընթացող կարևորագույն իրադարձություններին: Մալյանը հայտնեց, որ ոստիկանների պահանջն օրինական է, իրենք արեցին այն, ինչ մտադրվել էին՝ իրենց կոչը հղեցին ներկա ղեկավարներին, դրա համար այսօր իրենց գործողություններն ավարտվում են:
Մալյանը նաև հայտնեց, որ իր նկատմամբ սպառնալիքներ են եղել, որոնց մի մասով ոստիկանությունը զբաղվում է, իսկ կոնկրետ մեկ դեպքով՝ առևանգման, հստակ քայլեր են ձեռնարկվել, քրեական գործ է հարուցվել և համապատասխան գործողություններ են ընթանում: