Հայաստան 

Ձեր ասածները լսելով ես, երևի, տեղափոխվեմ Արագածոտնի մարզ ապրելու. Մ. Մելքումյանը` մարզպետին

analitik.am

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը 2015թ-ի բյուջեի նախագծի քննարկմանը Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանից հետաքրքրվեց, թե 3-4 տարում մարզում ինչ ծավալի ներդրումներ են իրականացվել, այդ թվում նաև օտարերկրյա: Բացի այդ, նա հարցրեց, թե որքան մարդ է արտագաղթել մարզից և աղքատության ու գործազրկության մակարդակն ինչպիսին է:

Մարզպետը նշեց, թե 2011-2014թթ-ին 37-40 մլրդ ներդրումներ են կատարվել մարզում՝ բյուջեով և այլ ներդրումային ծրագրերով: Նա պատրաստակամություն հայտնեց անուն առ անուն նշել, թե ինչ ծրագրեր են իրականացվել, որոնց մեջ ներառված են տարբեր կազմակերպություններ:

«Մեր մարզում բավական մեծ ներդրումներ են կատարվել, որովհետև եթե հիշում եք հինգ, վեց տարի առաջ բնակիչները ներդրումների հետ խնդիրներ ունեին և նույնիսկ 40-30 դրամով էին հանձնում, հիմա մարզում կառուցվել է երեք գործարան և ընդհանրապես մթերման խնդիր չկա, տարեկան մարզում 35 հազար տոննա պտուղ բանջարեղեն է մթերվում»,- ասաց նա:

Արտագաղթի հետ կապված ըստ մարզպետի ահագնացող լուրջ խնդիրներ չկան, որովհետև մարզում՝ առավել ևս վերջին չորս տարիների ընթացքում լուրջ աջակցություն է ցուցաբերվել գյուղատնտեսությանը: Ըստ նրա՝ գործազրկությունն էլ մարզում բավական ցածր է:

«Կարելի է ասել ամենացածրը մեր մարզում է: Օրինակ՝ 2014թ-ին 114 համայնքներից 90-ում ծրագրեր են իրականացրել»,-ասաց նա:

Միքայել Մելքումյանն արձագանքեց. «Պարո՛ն մարզպետ, ձեր ասածներից այնպես դուրս եկավ, որ ես, երևի, պլաններս փոխեմ տեղափոխվեմ ձեր մարզ ապրելու»։ Միքայել Մելքումյանի դիտարկումը դահլիճում ծիծաղի առիթ դարձավ:

Պատգամավորը նշեց, թե ինքը հարց չտվեց Շիրակի մարզպետին, որովհետև գիտի, որ գործազրկության ամենամեծ տոկոսը այնտեղ է, որ Լոռու մարզում արտագաղթի ծավալները մեծ են:

«Ձերը միջանկյալ է, Երևանին մոտ է և տնտեսաարդյունաբերության համար կա որոշակի պայմաններ: Ձեր ասածներն ընդհանրացրած են, ես ուզում եմ ակնկալել, որ հստակ ասեք, թե ինչքան է մասնավորի ներդրումը: Խոսքը ջրագծերի մասին չէ»,– ասաց նա:

Մարզպետը նշեց, որ Նախագահի կողմից հանձնարարություն կա, խրախուսել բոլոր ներդրումները և հնարավոր պայմաններ ստեղծել: «Այնպես որ մեր մարզում ներդրումները խրախուսվում են, և եթե դուք ծանոթներ ունեք կամ բարեկամն, կարող եք խրախուսել, որ գան մեր մարզում ներդնում անեն»,-եզրափակեց նա:

Նույն շարքից