«Սորոսի» գրասենյակր տարիներ շարունակ ֆինանսավորել է ծրագրեր, որոնք ուղղված են եղել մի շարք արժեքների խափանմանը։ Արշավ է կազմակերպվել հայ առաքելական եկեղեցու և հայկական ավանդական ընտանիքի դեմ, նաև պետական տարբեր կառույցների վերահսկելի դարձնելու ուղղված շարժումներ են ֆինանսավորվել։ Այսօր ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման կողմից հրավիրված հանրահավաքին ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Նա նաև նշեց, որ նման գործողությունները լուրջ արդյունքներ են տվել, քանի որ 2018թ. մայիսին նման շարժումների կողմից ֆինանսավորվող ուժերը կարողացան զավթել իշխանությունը Հայաստանում. «Ըստ էության, ՎեՏՕ-ն մի շարժում է, որն ուղղված է պետական ինստիտուտների ուժեղացմանը, նաև հայկական արժեքների վերականգնմանը և պահպանմանը»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ ինքը աջակցում է ՎեՏՕ շարժմանը, մասնակցում է շարժման հրավիրած հանրահավաքներին և ցույցերին, որը հնարավորություն է ևս մեկ անգամ խոսելու այն վտանգների և սպառնալիքների մասին, որոնք կան երկրում։
Քաղաքագետը քննադատեց Նիկոլ Փաշինյանի կողմից հայ առաքելական եկեղեցու հանդեպ արհամարհական վերաբերմունքը, թեև, նրա հավաստմամբ, Փաշինյանը փորձել է եկեղեցու նկատմամբ հարձակումը քողարկել դիվանագիտական մոտեցումներով, սակայն փաստ է, որ Փաշինյանի իշխանության գալուց անմիջապես հետո եկեղեցու հանդեպ նպատակաուղղված քաղաքականություն է վարվում. «Առաջին որոշումը, որը որպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց, Վեհափառ հայրապետին պետական պահպանությունից զրկելն էր»,- ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ հավելելով, որ այս ընթացքում մարդիկ կային, ովքեր եկեղեցու հանդեպ մաղձ էին կուտակել, դուրս տվեցին, և անգամ վեհարան ներխուժած մարդկանց նկատմամբ ոչինչ չնախաձեռնվեց։
Ըստ նրա, երկրում նպատակաուղղված քաղաքականություն է վարվում՝ արհամարհել եկեղեցին, այլ կրոնական կազմակերպությունների հետ մեկ շարքում տեղավորել. «Փաշինյանն անգամ չի կարողանում զսպել էմոցիաները և վերաբերմունքը եկեղեցականների նկատմամբ»,- շեշտեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։