Հասարակություն Սպորտ 

Հոկտեմբերի 1-ին՝ տարեցների միջազգային օրը, Ծաղկաձորում տեղի է ունեցել «Տարեցների հանրապետական խաղեր» մրցույթի պարգևատրման արարողությունը

analitik.am

Հայաստանի մարզերն ու մայրաքաղաքը, ինչպես նաև Արցախի Հանրապետությունը ներկայացնող մոտ 1500 տարեցներ մասնակցել են հուլիսին մեկնարկած և 3 փուլով անցկացված հանրապետական խաղերին:  Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ կայքը։

Պայքարն ընթացել է 5 մրցաձևում՝ շախմատ, նարդի, շաշկի, դարթս և բասկետբոլի գնդակի նետում:

80-ամյա Ժենյա Վարդանյանն արդեն երկրորդ տարին մասնակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անցկացրած «Տարեցների հանրապետական խաղեր» մրցույթին:

«Ամեն ինչ շատ հաճելի և գեղեցիկ էր կազմակերպած: Նախարարությունը, ասես, ցանկանում է «թարմացնել» մեր տարիքը: Հաճելի է, որ մեզ ուշադրության կենտրոնում են պահում: Ինքս երիտասարդներին խորհուրդ եմ տալիս՝ միշտ զբաղվեն սպորտով, որ առողջ լինեն, հասնեն իմ տարիքին և անցնեն»,- ասում է Ժ. Վարդանյանը՝ ավելացնելով, որ թեև դարթսի մրցումներին մրցանակային տեղ չի զբաղեցրել, բայց ավելի կարևոր արդյունքի է հասել՝ «թարմացրել է» տարիքը:

Հոկտեմբերի 1-ին՝ տարեցների միջազգային օրը, Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում տեղի է ունեցել «Տարեցների հանրապետական խաղեր» մրցույթի պարգևատրման արարողությունը, որին ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը:

ԿԳՄՍ նախարարությունից մրցանակակիրներն ստացել են մեդալներ, համապատասխան կարգի հավաստագրեր և դրամական պարգևներ: Ժենյա Վարդանյանը և 82-ամյա Ստյոպա Բալայանը պարգևատրվել են որպես մրցույթի ամենատարեց մասնակիցներ: Թիմային պայքարում առաջին հորզիոնականը զբաղեցրել է Երևանը, երկրորդ տեղում Արցախն է, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Գեղարքունիքի մարզը:

Նույն շարքից