Հայաստան 

Փոստանջյանը ՄԻՊ-ից հետաքրքրվեց ԶՈՒ-ում հանցագործություններից տուժած անձանց իրավունքների խախտման վերաբերյալ

analitik.am

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԱԺ-ում 2015թ. բյուջեի նախագծի քննարկմանը Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանից հետաքրքրվեց, թե արդյոք այս տարի օմբուդսմենի գրասենյակը պատրաստվում է զեկույց ներկայացնել հանրապետության զինված ուժերում հանցագործություններից տուժած անձանց իրավունքների խախտման վերաբերյալ:

«Կառավարության շենքի առջև ծնողները բազմաթիվ բողոքի ակցիաներ են անցկացնում: Իրենց հարցը, փաստորեն, լուծում չի ստանում: Այստեղ` ԱԺ-ում, կարծում եմ՝ պետք է ստեղծել ժամանակավոր հանձնաժողով` որոշ ուսումնասիրությունների համար: Բայց կցանկանայի իմանալ` բյուջեում նման գումար նախատեսվո՞ւմ է համապատասխան զեկույցի համար»,- հարցրեց նա:

ՄԻՊ տեղակալը վստահեցրեց, որ այս հարցը իրենք առաջիկայում կքննարկեն, որովհետև այս ուղղությունը պաշտպանի համար առաջնայնություններից մեկն է:

«Մենք չունենք առանձին կետով նշված հատուկ զեկույցի և հատկապես թեմատիկ զինծառայողների իրավունքներով զեկույցի տպագրության համար անհրաժեշտ գումար: Մենք ունենք ընդհանուր տուփ, և ցանկացած զեկույց մտնում է այդ գումարի մեջ: Կունենա՞նք արտահերթ զեկույց, թե՞ ոչ՝ նախապես չեմ կարող ասել, որովհետև դա պաշտպանն է որոշում»,-նկատեց նա:

ՄԻՊ ներկայացուցչի խոսքով՝ պաշտպանի մասին օրենքով, բացի տարեկան զեկույցից, եթե կան մարդու իրավունքների համակարգային խնդիրներ, և պատկան մարմինները չեն ձեռնարկում անհրաժեշտ միջոցներ այդ խախտումները վերացնելու համար, պաշտպանն իրավասու է հանդես գալ արտահերթ զեկույցով:

Բացի այդ նա նկատեց, իրենք ունեն ոլորտային պատասխանատու, ով զինծառայողների հարցերով է զբաղվում, և մասնագետների մի ամբողջ խումբ զբաղվում է զինծառայողների իրավունքների պաշտպանությամբ:

Փոստանջյանն էլ արձագանքեց, որ այսինքն՝ գումարի խնդիր չկա, գումարը կա, մնում է որոշում կայացնեն:

Նույն շարքից