Հասարակություն 

Փաշինյանների ընտանիքն արդեն ապրում է շքեղ տանը, որտեղ վերջին տարիներին ապրել է Սերժ Սարգսյանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Փաշինյանների ընտանիքն արդեն ապրում է նոր հիմնանորոգված առանձնատանը։ Մենք օրեր առաջ գրել էինք, որ կառավարական ամառանոցների տարածքում՝ Կոնդում բուռն շինարարություն է ընթանում։ Մեր տեղեկություններով, հիմնանորոգվում էր այն առանձնատունը, որտեղ վերջին տարիներին ապրել է Սերժ Սարգսյանը։

Փաշինյանների ընտանիքը որոշել էր փոխել առանձնատունը՝ քանի որ հինը չէին հավանում, իսկ Սերժ Սարգսյանի ապրած շենքում առանց հիմնանորոգման չեն ցանկացել ապրել, համարելով, որ այն բավարար բարեկեցիկ չէ և հին տիրոջ աուրան է թևածում։

Քանի որ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի կառավարման լիազորությունն անցել է կառավարության աշխատակազմին, զանգահարել էինք կառավարություն, որտեղից մեզ ասել էին, որ 2019 թվականի ընթացքում ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլև ընդհանուր թվով 8 առանձնատուն՝ գումարած կաթսայատունը, ընթացիկ վերանորոգումների են ենթարկվում։ Հարցին, թե դա ինչով է դա պայմանավորված, ասել էին․ «Պայմանավորված է ընթացիկ վերանորոգումներով, սա տնտեսություն է, որում մշտապես վերանորոգման խնդիրներ են առաջանում․ ջրահեռացում, բարեկարգում և այլն»։

Սակայն մենք պարզել էինք, որ սա ընթացիկ վերանորոգում չէ՝ փոխվում է տառացիորեն ամեն ինչ՝ սենյակների դասավորությունը, դիզայնը, միայն արտաքին պատերն են մնալու նույնը։ Մեր աղբյուրների վկայությամբ, ծախսվում է մոտ 2 միլիոն դոլար՝ կառավարության պահուստային ֆոնդից։ Առանձնատունը հիմնանորոգվում է, որպեսզի Նիկոլ Փաշինյանի ընտանիքը տեղափոխվի նոր մասնաշենք։

Նախօրեին՝ Սինգապուրի վարչապետի տիկնոջ հյուրընկալության լուսանկարներից պարզ դարձավ, որ ամառանոցի հիմնանորոգումն ավարտված է և վարչապետի ընտանիքն արդեն ապրում է նոր շքեղ շենքում։

Հետաքրքիր է՝ արդյոք վարչապետը լայվ կմտնի՞ այս առանձնատնից, ինչպես արեց անցած տարի՝ երբ նոր էր տեղափոխվել կառավարական ամառանոց։ և կցուցադրի՞ արդյոք նոր առանձնատան ողջ ինտերիերը՝ սկսած արտաքնոցներից, վերջացրած բակով։ Մեզ ասացին, որ նոր առանձնատունը էականորեն տարբերվում է նախորդից, այստեղ անգամ վարսավիրանոց կա՝ հատուկ առաջին տիկնոջ համար կառուցված։

Հիշեցնենք, որ Կոնդի առանձնատներում այժմ 2 ընտանիք է ապրում՝ Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի ընտանիքները»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից