Հայաստան 

ԱԺ–ն, երբեմն, վերածվում է ընդամենը քաղաքական բեմահարթակի. Հովհաննես Սահակյան

analitik.am

ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Հանրապետական» խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը, այսօր լրագրողների հետ զրույցում համաձայնելով ընդդիմադիր գործընկերների հետ` ասաց, որ իսկապես ԱԺ հնարավորությունները փոքր-ինչ քիչ են և ափսոսանք հայտնեց, որ ԱԺ–ն, երբեմն, վերածվում է ընդամենը քաղաքական բեմահարթակի:

«Օրինակ՝ մենք ունենք 12 հանձնաժողովներ և ԱԺ-ի օրենսդրական նախաձեռնությունների 80 տոկոսը ծանրաբեռնվածության առումով ընկնում է 2-3 հանձնաժողովների վրա»,- ասաց նա:

Նա ճիշտ չի համարում թվային առումով գնահատելը, թե օրենսդրական գործունեությունում Կառավարությո՞ւնն է ավելի նախաձեռնողական, թե՞ իրենք: «Անձամբ մենք` որպես իշխանությունը ներկայացնող ուժ, իրականացնում ենք մեր ծրագրերը և քաղաքականությունը»,-ասաց նա:

Հովհաննես Սահակյանը նկատեց, որ ԱԺ-ն միայն իշխանական թևը ներկայացնող պատգամավորներից չէ բաղկացված: «Մենք կարող ենք թվային պատկերը վերցնել և տեսնել, թե ինչպիսի նախաձեռնողականություն ունեն նաև մեր ընդդիմադիր գործընկերները: Ցավոք սրտի, պետք է ասեմ, որ Ազգային ժողովը, երբեմն, վեր է ածվում ընդամենը քաղաքական բեմահարթակի, որովհետև ընդամենը քաղաքական տեսակետներ են հնչեցնում կամ միտինգային տրամադրությունները փորձում են տեղափոխել Ազգային ժողով»,-ասաց պատգամավորը:

Նույն շարքից