Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Սիփան Փաշինյանի եւ Նաիրա Զոհրաբյանի մշակած՝ «Վիճակախաղերի մասին» օրինագիծը:
Նախագծի հիմնական զեկուցող ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ առաջին ընթերցումից հետո ընդունվել են գրեթե բոլոր առաջարկները:
Առաջարկներից մեկն էլ արել է օրենքի համահեղինակներից Սիփան Փաշինյանը, որը ևս ընդունվել է Իմքայլական պատգամավորի կարծիքով, ճիշտ կլինի, եթե բուքմեյքերական կազմակերպություններին հնարավորություն տրվի Երևանի ամեն վարչական շրջանում ունենալ մեկական գրասենյակ:
Առաջարկությունն իմքայլական մեկ այլ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի սրտով չէ: Նրա խոսքով, իշխող ուժը փաստորեն չի կատարում խոստումը, քանի որ վաղը կարող է հայտնվել մեկ այլ կազմակերպություն, ինչի արդյունքում Երևանում բուքմեյքերական կետերի թիվը կարող է հասնել 50-ի, և այդպես շարունակ:
Իմ քայլի պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ իր հերթին նշեց, որ միանգամից հնարավոր չէ լուծել հարցը, դրա համար պետք է խնդիրը լուծել աստիճանաբար: