Հայաստան 

Հայաստանի հիմնական խնդիրը բրգաձև իշխանությունն է. Ավետիք Իշխանյան

analitik.am

ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) կողմից ներկայացված գնահատման զեկույցը, Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի կարծիքով, բավականին օբյեկտիվ և հետաքրքրիր է:

«Բոլոր կետերը բավականին օբյեկտիվ նշված են և, իհարկե, շատ թեթև լուծումներ էլ են առաջարկված: Թեև շատ տեղեր նրբանկատ մոտեցումներ են ցուցաբերված, սակայն տողատակերից հասկացվում է, թե ինչ նկատի ունեն, քանի որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի փորձագետները իրավունք չունեին ավելի խիստ նկատառումներ ներկայացնելու»,-ասաց նա:

Ավետիք Իշխանյանը նշեց, որ այդ նրբանկատությունից էլ երևում է, թե հիմնական խնդիրները որոնք են: «Հիմնական խնդիրներից մեկն այն է, որ չնայած Հայաստանում հռչակված է իշխանության տարանջատում, սակայն տարանջատում չկա»,-ասաց նա և նշեց, որ քաղաքացիական նախաձեռնությունների մասնակցությունը քննարկումներին երբեմն ձևական բնույթ է կրում և ըստ էության` գործադիր իշխանության դոմինանտ դեր ունի:

«Զեկույցից երևում է, որ Հայաստանի հիմնական խնդիրը բրգաձև իշխանությունն է և դրանից հետևող բոլոր խնդիրները»,-ասաց նա։

Ամեն դեպքում Ավետիք Իշխանյանը կարծում է, որ պետական մարմինները քաղաքացիական հասարակությունից բավականին կտրված են: «Շատ հաճախ այդ համագործակցությունը ձևական բնույթ է կրում, որովհետև ի վերջո եվրոպական կառույցների պահանջն է՝ համագործակցել քաղաքացիական հասարակության հետ»,-ասաց նա և նշեց, որ չնայած եղել են դեպքեր, երբ երկարատև գործընթացներում այդ համագործակցությունը բավականին արդյունավետ է եղել:

Նույն շարքից