Հասարակություն 

Փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակի մասին. մանրամասնում է բժիշկը

«Փոխգնդապետ Մխիթարյանը դեռևս գտնվում է  կոմայի մեջ, վիճակը գնահատվում է  ծայրահեղ ծանր, սակայն կայուն վիճակում է: Հուսով ենք, որ մոտ օրերս գիտակցության կգա և կապաքինվի»,- լրագրողներին հայտնել է բժիշկ Կարեն Գրիգորյանը։

Ըստ նրա, տոկոսային առումով հնարավոր չէ բժշկության մեջ ինչ-որ բան ասել, սակայն հույս կա, որ դրական տեղաշարժ կնկատվի:

Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե արհեստական շնչառության սարքերն անջատված են, Կարեն Գրիգորյանը նշեց, որ փոխգնդապետը շնչում է արհեստական շնչառական սարքերի միջոցով:

«Քանի դեռ բացասական տեղաշարժեր չունենք, նրա վիճակը գնահատվում է  դրական: Հուսով ենք, մոտ օրերս դրական արդյունքներ կունենանք»,-շեշտել է բժիշկ Գրիգորյանը:

Նշենք, որ այսօր ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը լրագրողներին հայտնել է, որ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը դեռևս չի հարցաքննվել:

«Երբ նախաքննական մարմինը նպատակահարմար գտնի, այդ ժամանակ էլ կհարցաքննվի»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Եղեգնաձորում դաժան ծեծի էր ենթարկվել փոխգնապետ Արա Մխիթարյանը: Մի քանի հոգով ծեծել էին թե փոխգնդապետին, թե նրա հետ դեպի վայրում գտնվող զինվորականներին, Արա Մխիթարյանն անգիտակից վիճակում տեղափոխվել էր ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալ:

Ծեծի մեջ մեղադրվում է Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանը, նա ձերբակալված է: Վայոց ձորի մարզպետը դեպքերի հետ կապված հրաժարական է  տվել, այժմ ստուգվում է, թե արդյոք նա մասնակից է եղել ծեծին, թե՝ ոչ: Տեղեկություններ կան, որ ծեծի ընթացքում նա եղել է մեքենայի մեջ և հետևել միջադեպին:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից