Հայաստան 

Միջազգային հանրությունը պահանջում է ինձ ազատ արձակել, բայց ինձ զրկել են փաստաբանից. Լեյլա Յունուս

analitik.am

Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսը, ով կալանավորված է Հայաստանի օգտին լրտեսելու մեղադրանքով, հայտարարել է, որ երեկ իրեն զրկել են իր փաստաբանից՝ Ջավադ Ջավադովից, հայտնում է contact.az-ը։

 

«Հենց Ջավադովը հոկտեմբերի 24-ին կտրուկ ելույթով հանդես եկավ, երբ երկարացրին իմ կալանքի ժամկետը մինչև 28.02.2015: Հենց Ջավադովը բացահայտեց դատախազության անհիմն պնդումները, որ ես Հայաստանի լրտեսն եմ և ռազմական գաղտնիքներ եմ փոխանցել»,-գրել  է նա:

 

Յունուսը հիշեցրել է, որ Ֆրանսիայի նախագահի՝ Իլհամ Ալիևին արած կոչից հետո` իրեն ազատ արձակելու վերաբերյալ, իրեն ոչ միայն չեն ազատել՝ չեղարկելով կեղծ մեղադրանքները, այլև զրկել են փաստաբանից:

 

«Դա տեղի ունեցավ փարիզյան հանդիպումից մեկ օր անց: Այսպիսով՝ իմ փաստաբան Ալաիֆ Հասանովին դատում են՝ մեղադրելով, որ նա լրատվամիջոցներին է փոխանցել ինձ բանտում բռնության ենթարկելու մասին նյութեր, իսկ երկրորդ փաստաբան Ջավադ Ջավադովին առհասարակ հեռացրին»,-գրել է նա:

 

Յունուսը դիմել է իր իրավապաշտպան գործընկերներին, լրագրողներին և պարզապես իրեն և ամուսնուն՝ Արիֆ Յունուսովին ճանաչողներին՝ հիշեցնելով, որ ամուսնու կալանքի ժամկետն օրերս երկարաձգել են, իսկ իրեն զրկել են փաստաբանից:

 

«Մի՛ լռեք, օգնե՛ք մեզ: Այնքան սարսափելի է, երբ ողջ մարմինդ ցավում է, չես կարողանում ցավը հաղթահարել անգամ դեղերով, և գիտես, որ քեզ զրկում են անգամ փաստաբաններից, որոնք ոչինչ չէին կարող անել անկախ դատարանի բացակայության պայմաններում, բայց գոնե այցելում են քեզ»,-գրել է նա:

Նույն շարքից