ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նկատողություն է արել «Ռուսաստանի էներգետիկայի շաբաթ» համաժողովի լիագումար նիստի վարողին` «NBC News»-ի թղթակից Կիր Սիմոնսին՝ նշելով, որ վերջինս սխալ է մեկնաբանել իր խոսքերը Financial Times-ին տված հարցազրույցում:
«Ռուսաստանի էներգետիկայի շաբաթ» միջազգային ֆորումը տեղի է ունենում այս օրերին Մոսկվայի «Մանեժ» կենտրոնական ցուցասրահում: Այսօր տեղի է ունեցել լիագումար նիստ, որին մասնակցել է Ռուսաստանի Դաշնության նախագահը: Այս նստաշրջանը վարել է «NBC News»-ի թղթակից Կիր Սիմոնսը։
Սիմոնսը, իր հարցն ուղղելով Ռուսաստանի նախագահին, ասել է, որ «Financial Times»-ին տված հարցազրույցում Պուտինը, իբր, կանխագուշակել է լիբերալ ժողովրդավարության ավարտը, իսկ դա «իրականում նշանակում է բիզնեսի վարման արևմտյան ձևի ավարտ», ինչին Պուտինը պատասխանել է. «Սա իմ խոսքերի սխալ, շատ ազատ մեկնաբանում է»:
«Այդպես մեկնաբանում են նրանց, ովքեր ցանկանում են մտածել, որ մենք մեր քաղաքականությունը կառուցում ենք հենց այս ձևով՝ ձեր ասածի հիման վրա: Ես չեմ ասել այն, ինչ դուք հենց նոր ասացիք: Չի ասվել այդպիսի բան։ Որտեղի՞ց եք դուք դա վերցրել։ Եվ սա շատ հաճախ մեկ գաղափարի փոխարինումն է մյուսով։ Նախ արվում է փոխարինումը, այնուհետև՝ դատապարտումը՝ կեղծ տեղեկատվության ֆոնին»,-ասել է Պուտինը։
««Financial Times»-ին տված հարցազրույցում ես ասել եմ, որ լիբերալ մոդելը դոմինանտ լինելու իրավունք չունի: Պետք չէ համարել, որ այն միակ ճշմարտությունն է աշխարհում: Աշխարհը շատ ավելի բազմազան է, այն կոմպլեքս է զարգանում, և չի կարելի մեկ մոդելը պարտադրել որպես միակ ճշմարտություն՝ առանց բացառության։ Ահա, թե ինչ եմ ես ասել։ Ես հիմա պատրաստ եմ հաստատել իմ այդ թեզիսը,-ավելացրել է Պուտինը։