Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, խորհրդարանում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ իմքայլական պատգամավոր Արման Եղոյանը հատուկ խոսեց Թովմասյանի վերջին հարցազրույցի հայտարարություններից մեկի մասին: Խոսքը մասնավորապես վերաբերում է Թովմասյանի խոսքերին, թե ինքը պահում է իրեն վստահված սահմանը:
«Ինձ համար այդ սահմանին կագնելը նույն հոգեբանական վիճակն է, որն ունի հայ զինվորը, ով կանգնել է հայ-ադրբեջանական սահմանին»,-ասել էր Թովմասյանը:
«Հասանք… սահմանի որ կողմում են հայերը, որ կողում՝ ադրբեջանցիները: Իրենք հայերն են, սահմանի այս կողմում էլ, որտեղ մենք ենք, ադրբեջանցինե՞րն են: Էս ի՞նչ բառապաշար ա, էս ի՞նչ լեզու ա»,-ասաց Եղոյանը:
Ինչ վերաբերում է Թովմասյանի խոսքերին, որ ինքը չի հանձնի իր «պոստը»-ը, Եղոյանի կարծիքով դա ևս հարց է առաջացնում. «Այսինքն, նրա բոլոր գործընկերներն իրենց պոստերը հանձնե՞լ են: Ո՞վ էր խոսում բաժանարար գծերից: Բա սրանից այն կողմ, էլ ինչ բաժանարար գիծ, երբ բաժանում են հայի ու ադրբեջանցու»:
Իմքայլականի խոսքերով, Թովմասյանը պետք է վերանայի իր բառապաշարը. «Չփորձվեն հանկարծ պետության ներսում հայերի ու ադրբեջանցիների բաժանարար գծեր գծել: Մյուս անգամ չփորձվեք հանկարծ մեզ համեմատել ադրբեջանցիների հետ: Թող պարոն Թովմասյանն իր վրա շատ չվերցնի: Տվել են ինչ-որ դիրքեր իրեն, պահո՞ւմ է, հասկացանք, բայյց արտահայտություններում թող լինի շատ զգուշավոր»։