Խնդիրն ունի բացառապես իրավական բնույթ: Այս մասին խորհրդարանում Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Պետրոսյանի խոսքերով, եթե անգամ խնդիրն ունի քաղաքական նախադրյալներ, ԲՀԿ-ն այն դատում է բացառապես իրավական հարթության մեջ. «Հրայր Թովմասյանը մեր կուռքը չէ: Ես պաշտոնապես եմ հայտարարում: Անհարմար է երբ մեզ մեղադրում են Թովմասյանին պաշտպանելու մեջ: Նա կարողանում է պաշտպանել իրեն ու մենք նման խնդիր էլ չունենք»:
Պետրոսյանը դիմեց նաև իմքայլական Զոլյանին՝ նշելով, թե մոլորության մեջ են բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ ԲՀԿ-ի վարկանիշը բարձրանալու է Թովմասյանի լիազորությունները դադարեցնելուն կողմ քվեարկելու արդյունքում. «Այսօր քաղաքական ծանրակշիռ ուժ ունեցողին չի կարելի ասել, որ այսպես պետք է քննարկել»:
«Խնդրում եմ, եկեք ցրենք այս թշնամական մթնոլորտը: Մենք թշնամաբար տրամադրված չենք: Մենք այստեղ նստած ենք հանուն ՀՀ-ի, մենք չենք եկել իրար վիրավորելու: Վիրավորելու համար առիթ կլինի դեռ, սյստեղ դրա տեղն ու ժամանակը չէ: Մենք ասում ենք, որ խնդիրն ունի իրավական բնույթ, ինչի մասին ասել է նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը»,-ասաց Պետրոսյանը:
«Եղել է ժամանակ, երբ Հրայր Թովմասյանն ինձ հետաքրքրել է այնքան, որքան թռչնագրիպը կարող էր հետաքրքրել Մովսես Խորենացուն: Մենք եկել ենք խնդրին իրավական լուծում տալու համար»,-նշեց ԲՀԿ-ական պատգամավորը:
Պետրոսյանը խոսեց նաև Հրայր Թովմասյանի քավոր-սանիկական հարաբերություների մասին՝ հայտարարելով, որ դա իրավական կատեգորիա չէ:
ԲՀԿ պատգամավորը խոսքի վերջում ընդգծեց, որ պետք չէ իրենց քայլերի մեջ քաղաքական ենթատեքստ փնտրել, ամեն ինչ իրավական դաշտում է, ԲՀԿ-ի դիրքորոշումն ունի օրենքի տառին հետևելու նպատակ: