Չեչնիայի բնակիչը հրապարակավ ներողություն է խնդրել այն տեսանյութի համար, որում նա երգում է Գրոզնիի «Գրանդ Պարկ» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի ժամանակ: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է Ինսթագրամի «ЧП/Чечня»-ի էջում։
Կադրերում երիտասարդը նարնջագույն աշխատանքային բաճկոնը հագին մաքրում է հրդեհված առևտրի կենտրոնի հարևանությամբ գտնվող տարածքը: Նա չեչեներենով խոստովանում է, որ տեսահոլովակի հեղինակն ինքն է և ներկայանում է որպես Ադամ Իբաև: Վերջինս իր արարքն անվանել է «ոչ տղամարդկային» և «չեչենին ոչ վայել պահվածք»։
«Ես կցանկանայի ներողություն խնդրել բոլորից՝ նկարահանված տեսահոլովակի համար: Կցանկանայի դիմել չեչեններին, որպեսզի չնկարահանեն տղամարդուն և չեչեններին ոչ վայել տեսահոլովակներ, ինչպես նաև չասեն չեչեններին ոչ վայել արտահայտություններ»,-ասել է երիտասարդը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը պահանջել էր գտնել հոկտեմբերի 19-ին առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհը նկարահանած տեսանյութի հեղինակին, որը հրդեհի պահին երգել էր։